28/01/2015 10:45
Ա. Զաքարյան. Մեր բանակը ամենահուսալի պատվարն է երկրի պաշտպանության գործում
ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը Facebook-յան իր էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Պատգամավորը մասնավորապես գրառել է.
«Այս ժողովրդական տոնին յուրաքանչյուրիս մտքում ու սրտում բոլոր այն մարդիկ են, ովքեր կանգնած են եղել ՀՀ Զինված ուժերի ստեղծման ու կայացման հիմքում, ովքեր զոհվել են հանուն Հայաստան ու Արցախ աշխարհի, ովքեր հիմա առաջնագծում են:
Կազմավորվելով պատերազմի դաժան թոհուբոհում, անցնելով կայացման խրթին, բայց հաստատակամ ուղի` մեր զինուժը տարեցտարի ավելի ու ավելի է հզորանում, մնալով բարոյապես` ուժեղ, ֆիզիկապես` պինդ և մտքով` պայծառ:
Մեր ԲԱՆԱԿԸ ամենահուսալի պատվարն է երկրի պաշտպանության գործում, լավագույն գործընկերը միջազգային համագործակցության բոլոր հարցերում:
Մենք չեն թերագնահատում քնած զինվորին կացինով սպանող, անվտանգ ուղղաթիռ խոցող, գերի ընկած անմեղ գյուղացուն սպանող, մանկապարտեզի վրա կրակող թշնամու արկածախնդրությունը: Որովհետև թշնամին նենգ է ու ստոր:
Որպես հասարակություն, որպես քաղաքացի` մենք մեր զինվորի կողքին ենք ու մեր ձեռքը միշտ պահելու ենք զարկերակի վրա. թող թշնամին փորձի շփոթել...
Զինվորը մեր ազգային գիտակցության մեջ հայրենի հողի ու ներազգային բարոյականի պաշտպանն է, հայոց խաղաղ երկնքի երաշխավորը, ում խիզախ ու նվիրական կերպարը հպարտության անսպառ աղբյուր է:
Հավերժ ՓԱՌՔ ու հավերժ հիշատակ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ սահմանների պաշտպանության ու խաղաղության համար նահատակված հերոսներին:
Հավերժ ՓԱՌՔ ազատագրական սրբազան պատերազմում անմահացած աշխարհասփյուռ հայորդիներին:
ՈւԺ և ՊԱՏԻՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»:
Մենք բոլորս զինվոր ենք:
Մեզ բոլորիս բարի ծառայություն և նոր Հաղթանակներ:
Շնորհավոր մեր հպարտության տոնը: