28/01/2015 18:37
Զինվորական բուժքույր. Մի պարտականություն` երկու պարտք
1990-94թթ բուժքույրը փոքրիկ` 6 տարեկան տղայի հետ Մարտակերտում էր, կամ Հադրութում, կամ Մարտունիում. մինչև զինադադարը` 1994թ-ի մայիսը, որից հետո վերադարձավ Երևան ու անցավ աշխատանքի, բայց մնաց ծառայության մեջ. այսօր էլ օգոստոսյան դեպքերի հետ կապված դիմել էր, որ ինքն էլ է պատրաստ մեկնելու սահման, եթե դրա կարիքը կա, պատասխանել էին, որ դեռ չկա:
Մարիետա Քալաշյանին հիշում եմ 2004թ-ից, երբ Էրեբունի հիվանդանոցում էի. Բոլորը շշուկով խոսում էին, որ այն բուժքույրը Ղարաբաղում է եղել` հենց կռիվների ժամանակ, մասնակցել է պատերազմին: Բոլորն առանձնակի հարգանք ունեին: Մի անգամ, երբ կոտրվածք ստացած հիվանդ էին բերել ու ցավազրկողների կարիք կար, տիկին Մարիետան ինքը բերեց` մինչև հարազատները գային:
Երբ հարցազրույցի էինք, հիշեց, որ ինձ հանդիպել է, սակայն ես ավելի լավ էի հիշում պատերազմի-մասնակից-բուժքրոջը. պատմեց, որ ծնվել է 1954թ-ին, Ուխտաձորում, սովորել-ավարտել է միջնակարգ դպրոցն ու բժշկական ուսումնարանն է ավարտել, աշխատել շտապօգնության հիվանդանոցում՝ որպես բուժքույր:
1988թ-ից հետո ամուսնու` Ալյոշա Ջավադյանի հետ մասնակցել է ազգային զարթոնքին, սակայն ամուսնուն վաղ է կորցրել, զոհվել է մայիսի 27-ին Կայարանի հայտնի դեպքերի ժամանակ:
Նախ Մարտունու, ապա Մարտակերտի շրջաններում է իր պարտքը կատարել, նաև Հադրութում, հետո կրկին Մարտակերտ, հետո Հորադիզ և այսպես մինչև 1994թ-ի մայիսյան զինադադարը ու զորացրվել է` ծառայություն թիկունքում. Ավագ-ենթասպա կոչումով. «Հիմա էլ կմասնակցեմ, չեմ հրաժարվի»:
Ռազմի դաշտում անհրաժեշտ է զինուժն ու նաև ամենակարևորը` բուժծառայությունը. Որտեղ զինվորը, այնտեղ բուժքույրը, ով պատերազմի թոհ ու բոհում զենքը ուսին, նաև պատասխանատու է վիրավոր զինվորի համար. Մի պարտականություն` երկու պարտք:
«Նկուղներում կամ վրանների տակ էինք վիրահատություններն անում, մասնագետները քիչ էին. Օրերով վիրահատում էին, իսկ ազատ ժամանակները դաշտում էինք. Վիրակապություններ էինք անում, վիրավորներին էինք հանում դաշտից»,- ասաց նա:
Հատկապես տպավորվել է Մարտակերտի ազատագրման ժամանակ իրավիճակը, երբ հին կամ կիսաքանդ տները վերածում էին ժամանակավոր բուժկետերի, լինում էին անհույս վիրավորներ, որոնց որևէ կերպ արդեն չէին կարողանում օգնել, սակայն հիմնականում վիրավորներին օգնում էին:
Վիրավորների կատակներ է հիշում` դե մի ոտք է, էլի, քուր, կամ գլուխ է` մի մեծ բան չի, ոչինչ մի մատն էլ չունենամ:
Հիշում է բուժքույրերին, ովքեր զոհվեցին զինվորների հետ կողք կողքի պարտքը կատարելիս. «Մեր մոտ էջմիածնեցի Ռուզան կար, վիրավոր տեղափոխելու ժամանակ կրակել էին, մի ջահել աղջիկ էլ կար` Հերմինեն. Կրակոցից էր մահացել, մի բուժքույր մեքենայի մեջ էր` վիրավորներին տեղափոխելուց մեքենան պայթեցրել էին, ինքն էլ էր զոհվել»:
Հիշում է ամուսնու զոհվելը. Պետք էր միասին գնային Ղարաբաղ, սպասում էին, որ դպրոցական արձակուրդները երեխաների սկսվեին, բայց մայիսի 27-ը շուտ եկավ, ու … Մ. Քալաշյանը տղայի հետ մեկնեց ճակատ` միայնակ:
Չէր մտածում ոչ պարտության, ոչ անհաջողության մասին. «Բոլորս մտածում էինք, որ հաղթելու ենք ու տուն ենք վերադառնալու, պարտության կամ մահվան մասին ոչ ոք չէր մտածում, դե տղաս հետս էր»:
«Մենք ավտոմատ ունեինք, նռնակներ, զինված էինք, լինում էր մասնակցում էինք պատերազմական գործողություններին. Դե պատերազմ էր, եթե վիրավոր կար դաշտում, գնում-հանում էինք, առաջ էինք գնում ու կարևոր չէր որ կողմից են կրակում»,- հիշում է բուժքույրը:
«Զինվորի մահը ծանր էինք տանում, բայց պատերազմի ժամանակ մի տեսակ քարանում ես, բայց խիղճդ տանջում է. եղել է իրավիճակ, երբ մտածում էի, որ էս վերջն է, հիմնականում նման զգացողություն ունեցել եմ Մարտակերտի ծանր կռիվների ժամանակ»,- ասում է Մարիետան:
Անգամ տարիներ հետո պատերազմի հիշողությունները ժամանակ առ ժամանակ կենդանանում են. պատերազմից տարիներ անց, երբ ՌԴ-ում հանգստանում էր, կարկուտի ու անձրևի ժամանակ գիշերը վեր է թռնում որոտի ձայնից. «Վեր թռա, ինձ թվաց հրանոթի ձայն է, հետո հասկացա որտեղ եմ. Էնպես որ չեմ մոռանում»:
Մարիետա Քալաշյանը 3 երեխա ունի` երկու աղջիկ, մի տղա: «Դե ամուսնուս մահից հետո մեկնել եմ Ղարաբաղ, տղաս փոքր էր, ոչ մեկի մոտ չէր մնում ստիպված տարա հետս, էնտեղ միշտ ընտանքիներ կային, երեխաներ լինում էին, մնում էր հետները կա'մ բլինդաժներում էր, կա'մ խրամատներում. էսպես էլ մեծացավ. Հիմա էլ, որ հանդիպում եմ մեր ջոկատի տղաներին, հարցնում են` տղադ ոնց ա: Տղաս արդեն մեծ է և շատ լավ հիշում է Ղարաբաղում անցկացրած տարիները»:
Հիմա էլ, երբ տիկին Մարիետան համազգեստով դուրս է գալիս զորահանդեսի կամ շքերթի` մեդալներով ու շքանշաններով, մարդիկ հարգանքով ու հպարտությամբ նայում են, պատահում է կանայք մոտենում են մի քանի ջերմ խոսք ասում, օրհնում:
Մարիետա Քալաշյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով:
Այսօր Մարիետա Քալաշյանը մտածում է հանգստի մասին, կատարել է իր պարտքը ամուսնու, երկրի, նաև իր խղճի հանդեպ, թեև մտածում է, որ եթե իր կարիքը լինի, դարձյալ պատրաստ է, քանի որ վիրավորներին օգնելը յուրաքանչյուր բուժքրոջ անժամկետ պարտականությունն է: