28/01/2015 15:35
Կոմանդոս. Ադրբեջանի կողմից լարվածությունը, Թուրքիայի հետ համատեղ ծրագիր է (Տեսանյութ)
«Մենք միշտ ունեցել ենք մեծ երկիր, և հաճախ ենք կորցրել մեր հողերը: Մենք անընդհատ կորցնում էինք, և հետագայում այդպես չէինք կարող շարունակել: Հիմա մենք հասկանում ենք, երբ նշելու ենք Ցեղասպանության հարյուրամյակը, այսօր էլ նրանք ցեղասպանություն են ուզում: Ապրելու համար մենք պիտի պայքարեինք: Մենք գիտենք Թուրքիայի՝ մինչև Չինաստան ձգվող մեծ Թուրան ստեղծելու նպատակները, և մենք պիտի պայքարեինք: Նշեմ, որ մեզ խորհրդային ուժերը չեն օգնել: Մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իրեն: Մենք պատրաստ էինք մահանալ, մարդկանց ստիպել պետք չէր, որ կռվեին: Նրանք կամ պիտի կռվեին, կամ պիտի մահանային»,- այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ այսպես իր խոսքը սկսեց արցախյան հերոսամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Շնորհավորելով ՀՀ բանակի 23-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Կոմանդոսն ընդգծեց, որ այսօրվա մեր առաջադրանքը՝ Հայաստանը և Ղարաբաղը պահելն է. «Դրան խանգարում է Ադրբեջանը, ով անընդհատ խախտում է հրադադարի նորմերը: Այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է լարվածություն մտցնել, մենք չպետք է թուլանանք»,- հավելեց նա՝ շարունակելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայերը միասնական են պահում Հայաստանը:
Շարունակելով իր խոսքը՝ Ա. Տեր-Թադևոսյանը ընդգծեց նաև, որ այսօր Ադրբեջանում ութ միլիոն մարդ է ապրում, բայց նրանց մեծ մասն ադրբեջանցի չէ: «Օրինակ՝ թալիշները, լեզգիները, ավարները: Հայաստանի մասին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն թեև դանդաղ զարգացում կապրի, բայց այն մոնոլիտ երկիր է, ինչը չենք կարող ասել նույն Ադրբեջանի մասին, որտեղ իսկապես մոնոլիտության խնդիր կա: Մենք խոսքի ազատության կողմնակից ենք, իսկ մենք գիտենք, թե Ադրբեջանում ինչ վիճակում են գտնվում այսօր ԶԼՄ-ները»,- հավելեց նա:
Կոմանդոսի համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր ունի հստակ ծրագիր, որով կփորձի ամեն կերպ թուլացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի ծրագրերը: «Մենք այս տարի ցեղասպանության հարյուր ամյակն ենք նշում: Թուրքիան իբր պատրաստվում է այն խաղաղ նշել, անգամ մեր նախագահին է հրավիրել: Այն լարվածությունը, որը կա Ադրբեջանի կողմից, Թուրքիայի հետ համատեղ ընդհանուր ծրագիր է ր այդ լարվածության ստեղծումն այս շրջանում դրված է Բաքվի վրա: Այդպես նրանք փորձում են խանգարել 100-ամյակի միջոցառումներին: Դա նաև կապված է նրա հետ, որ ադրբեջանական հասարակությունը չի ցանկանում պատերազմել: Սահմանին հատուկ խմբավորումներ են գործում այդ նպատակով»,- ասաց նա: