28/01/2015 13:46
Արտահանումը պետք է տնտեսական քաղաքականության հիմնական ուղեգիծը լինի
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2014թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,9%:
Նախորդ տարի, տնտեսական աճի վրա ամենամեծ ազդեցություն ունեցել է ծառայությունների ոլորտը՝ 7,8% (առանց առևտրի), հիմնականում տրանսպորտային ծառայությունների, ինչպես նաև զվարճությունների և հանգստի ծառայությունների զգալի աճի հաշվին: Ծառայությունների ոլորտում աճ են գրանցել նաև՝ ֆինանսական և ապահովագրական, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված ծառայությունները: Առևտրի ծավալների աճը կազմել է 1,6%:
Նախորդ տարի, կարելի է ասել, իրական սեկտորում տնտեսական աճի լոկոմոտիվը հանդիսացել է գյուղատնտեսությունը, որի համախառն արտադրանքի ծավալի աճը կազմել է 7,2%: Գյուղատնտեսության ոլորտում աճ են ապահովել և′ անասնաբուծությունը և′ բուսաբուծությունը: Իսկ տնտեսության աճի համար զսպող ճյուղ է հանդիսացել՝ շինարարությունը, որի անկումը կազմել է 4,3%: Շինանարության ծավալների անկումը բացատրվում է պետական բյուջեից և համայնքային միջոցներից, ինչպես նաև կազմակերպությունների և բնակչության կողմից շինարարական աշխատանքների ֆինանսավորման կրճատման պատճառով: Սակայն տարվա ընթացքում աճել է միջազգային վարկերի ֆինանսավորման հաշվին շինարարության ծավալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2,7%-ով: Կարող ենք նշել, որ արդյունաբերության աճի տեմպերի վրա զսպող ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերության ծավալների նվազումը, մոտ 9%-ով, որն իր հերթին պայմանավորված էր համաշխարհային շուկայում մետաղների գների անկմամբ: Իսկ մշակող արդյունաբերությունը աճ է ապահովել հիմնականում ծխախոտի, սննդամթերքի և հիմնային մետաղների արտադրության ծավալների բարձր աճի հաշվին: Արտադրական ծավալների անկում են գրանցել՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության, խմիչքների արտադրությունը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա՝ 7,7 մլրդ. կՎտ.ժ:
Իսկ ինչպիսի˚ն են նախադրյալները ընթացիկ տարում բյուջեի նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը ապահովելու համար: Գյուղատնտեսությունը դա ռիսկային ճյուղ է, որը կախված է բնության քմահաճույքներից: Շինարարության աճի համար նույնպես նախադրյալներ կան՝ մասնավորապես
Կառավարության կողմից նախատեսվող վճարված եկամտային հարկի գումարներից հիպոթեքային վարկի սպասարկման նոր ծրագրերի ներդրմամբ, որը կխթանի շինարարության ծավալների աճը: Ծառայությունների ոլորտը նույնպես կարող է որոշակի, սակայն ոչ բարձր աճ ապահովել, սակայն 2015թ.-ի տնտեսական աճի հենքը պետք է դիտարկել արդյունաբերությունը:
Թեև այստեղ խնդիրներ կան զգալի ներդրումների ներգրավման հետ կապված, այնուամենայնիվ, դեպի արտահանում ուղղված արդյունաբերության ճյուղերի զարգացումը պետք է լինի Կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղեգիծը: