28/01/2015 16:56
Ախպարաշենցիները բողոքում են, «Երևան Ջուրը»՝ հիմնավորում
Արդեն 4-5 ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ախպարաշեն թաղամասում բնակիչները դժգոհություններ ունեն ջրի սպասարկման որակից:
««Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները վերադառնում են հին սովորույթին. ժամով են բնակիչներին ջուր տալիս»,- այսպես են բնութագրում ընկերության աշխատանքը թաղամասի բնակիչներն, ովքեր հավաստիացնում են, որ հարևան թաղամասերում ջուրը մատակարարվում է շուրջօրյա, իսկ այս թաղամասում արդեն տևական ժամանակ է, ինչը կեսօրից ջուր չի լինում:
«Ցերեկը ժամը 1-ից, 2-ից ջուր չենք ունենում մինչև երեկոյան ժամը 7-ը, օր է լինում մինչև՝ 9-ը»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց բնակիչներից մեկը:
Նա նշեց, որ այս երևությը նկատելի է ինչ-որ վերանորոգումից հետո. «Եկան, թաղամասում խողովակ վերանորոգեցին, որից հետո սկսեցին ժամով ջուր տալ»,- հստակեցրեց կինը՝ ավելացնելով, որ մինչ այդ թաղամասն ունեցել է շուրջօրյա ջրամատակարարում:
Պարզաբանումներ ստանալու համար Aysor.am-ը դիմեց նաև «Երևան ջուր» ընկերություն, որտեղից մեր գրավոր հացմանն ի պատասխան արձագանքեցին, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ախպարաշեն» թաղամասի, այդ թվում Վարդան Մամիկոնյան փողոցի բնակիչների դժգոհությունը՝ ջրամատակարարման տևողությունից, հիմնավորված չէ: Ընկերության աշխատակիցները հիմնավորում են նրանով, որ տարածքի ջրամատակարարումը, ըստ պաշտոնական ժամանակացույցի, 12 ժամ է. «Ջրամատակարարումը սպասարկվում է ժամը 7.00-13.00 և 18.00-24.00: Խոսքը ջրամատակարարման նվազագույն տևողության մասին է, որի ապահովումը պարտադիր է ընկերության համար: Այլ հարց է տեխնիկական հնարավորությունների առկայությունը»,- նշված է պատասխանի մեջ, որտեղ ընդգծված է նաև, թե «Երևան Ջուրը» շատ հաճախ ավելացնում է ջրամատակարարման տևողությունը` հասցնելով այն ընդհուպ մինչև շուրջօրյայի:
«Բնական է, որ, սովորելով նման ժամանակացույցին, բնակիչները ջրամատակարարման ժամային գրաֆիկը ընկալում են որպես իրենց իրավունքների խախտում, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ընկերության պատասխանում:
Ընկերությունից պարզաբանել են նաև, որ հնարավոր է դա կապված է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ջրաշինարարական աշխատանքների հետ: «Այսօր էլ շինաշխատանքներ են ընթանում և, հավանաբար, «Ախպարաշեն» թաղամասում նկատվում է ջրամատակարարման որոշակի վատթարացում, սակայն ակնհայտ է, որ դրանց ավարտից հետո սպառողների ջրամատակարարումը նորից կբարելավվի»:
Գրավոր հարցման մեջ մենք հետաքրքրվել էինք նաև՝ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում թաղամասում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ, և ի պատասխան հարցի, ընկերությունից մեզ տեղեկացրել են, որ «Երևան Ջուրը» չունի պարտավորություն՝ ըստ փողոցների ու թաղամասերի: «Մեր խնդիրը, ըստ 10-ամյա Վարձակալության պայմանագրի, 2016թ.-ին մայրաքաղաքում 95% ջրամատակարարման միջին տևողություն ապահովելն է: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ 2014թ. դեկտեմբերի տվյալներով՝ Երևանում արդեն իսկ առկա էր 97.5% ջրամատակարարման միջին տևողություն: Ասել է թե՝ ընկերությունը հաջողությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունը: «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակազմը իր հետագա խնդիրը տեսնում է նրանում, որ մինչև նշված պայմանագրի ավարտը՝ 1,5 տարում ջրամատակարարման համակարգի շարունակական զարգացման միջոցով մայրաքաղաքում ապահովի ջրամատակարարման հետագա բարելավում, այդ թվում և՝ Ախպարաշեն թաղամասում»: