28/01/2015 11:47
Վլադիմիր Գասպարյան. Լևոն Երանոսյանը, իհարկե, տեղավորվում է ոստիկանի համազգեստում
Քննչական կոմիտեն բազմաթիվ վարկածներ է քննարկում, ձեր մտքով այդ մեկ-երկուսն է անցնում, իսկ քննությունը իրենից հենց դա է ենթադրում, տասնյակ վարկածներ են առաջ գալիս, շատերն էլ մարդկային տրամաբանությանը անհավանական թվացող վարկածներ են: Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությանը՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին՝ Ձեր տեղակալ Հունան Պողոսյանը ասել է, որ մենք պահանջել ենք գործը մեր հսկողությանը հանձնել, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Իմ տեղակալը նման բան չի ասել»,- այնուհետև հարցի լրացմանը, թե նրանց հիմնավորումների արդյունքում Պերմյակովը ռուսական կողմի մոտ մնաց, Վ. Գասպարյանը ասաց. «Դա արդեն ուրիշ բան է»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ցանկացած ոք Հայաստանում կարող է հանգացործություն գործել և հայ իրավապահներից զերծ մնալ, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Դուք իրավաբանական կոնսուլտացիա եք ուզում, դրա ժամանակը չի, դրա մասին տասնյակ անգամ ասել է ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեն, ես եմ ասել: Սենց ժամանակ, որ խոսում ենք, մենք ինքներս խառնում ենք ինչ-որ բան: Դա նույն պատմությունն է, երբ սկզբում մենք զբաղված էինք որոնողական աշխատանքներով, հարյուրավոր զանգեր, բամբասանքներ և երևակություններ էին լինում ոչնչի հետ կապ չունեցող, և ոստիկանությունը ստիպված է լինում սպառել իր ուժերը և էներգիան դրա վրա: Հիմա նույնպես շարունակվում է՝ մի երկու օր առաջ 6 զինվոր են փախել Գյումրիիից: Չի կարելի այդպես հանել և հանդուրժել դա, դա ոչ միայն գործի վրա է ազդում, դա մարդկանց հոգեբանության,մտածելակերպի վրա է ազդում, իսկ ո՞վ է ասել, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի հանրությանը»:
Հակադարձմանը, թե հանրության համար անհասկանալի է, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Որ հանրության համար հասկանալի լինի, այն չընկնի տարբեր տարակուսանքների մեջ, դրա համար պետք է սպասել քննչական խմբի աշխատանքին, քննությանը, չէ որ պաշտոնապես հայտարարվել է, որ ժամանակ առ ժամանակ թույլատրելի պահերով իրազեկում կլինի հանրությանը, չընկնենք էմոցիաների, բամբասանքներին հետևից, դա ոչ մեկիս օգուտ չի բերում: Շատ հարցեր են լինում, որոնց մենք նորմալ լուծում ենք տալիս, ընդհակառակը, հասարակության մեջ դեզինֆոիմացիայի պատճառով խառնվում է մեր գործը»:
Դիտարկմանը՝ հստակ է, որ ռուս սահմանապահները պետք է հանձնեին հայերին Պերմյակովին, Վ. Գասպարյանը ասաց. «Այդ ամենը քննարկման, ապացուցողական կողմ ապահովելու համար է, իհարկե, կա նման բան, բայց դա պետք է հիմնավորել, պայմանագրերի պահանջներ կան, թողեք զբաղվենք, ոչ մեկ ոչինչ ինքնահոսի չի թողնելու»:
Հարցին՝ ինչո՞ւ են Գյումրիի ցուցարարները կանչվում ոստիկանություն, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Շատ ճիշտ է արվում: Չի լինում այդպես, ովքեր կազմակերպել են ջարդը, մտքներով անցել է, որ ոստիկաններին պետք է քարերով ծեծել, նրանց կազմակերպիչներին պետք է գտնել: Մենք կանչում ենք, որ գտնենք կազմակերպիչներին, իսկ նրանց, չեմ կարծում, քրեական պատասխանատվության պետք է ենթարկել»:
Արդյոք ճի՞շտ էր քննչականը ոստիկանությունից առանձնացնելը հարցին ի պատասխան՝ Վ. Գասպարյանը պատասխանեց. «Անցած էտապ է, ինչքան ճիշտ է, այնքան էլ սխալ է: Ամենակարևորը, քննչականը ոստիկանությունից առանձնացնելով, ոստիկանները ավելի կազմակերպված կլինեն, իսկ քննությունը ինքնուրույն կլինի: Բացասականը մտածում եմ, որ նոր կառույց է, և սկզբում համագործակցության արագությունը կարող է դրանից տուժել, բայց դա էլ մեր ձեռքն է, կարծում եմ, ոչ մեկս էմոցիաներ, ամբիցիաներ ցույց չի տալիս»:
Հարցին՝ Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը տեղավորվում է ոստիկանի համազգեստում, Վ. Գասպարյանը ժպիտով պատասխանեց. «Իհարկե, տեղավորվում է»: