30/01/2015 13:34
Կ. Բեքարյան. Մադրիդյան սկզբունքները գեղեցիկ են հնչում, բայց հեռու են իրականությանը մոտ լինելուց
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փոխզիջումները տեսականորեն գեղեցիկ են, բայց Ադրբեջանի, հատկապես վերջին շրջանում դրսևորած վարքի, վստահության մեխանիզմների բացակայության պայմաններում այսօր դրանք գործնականում անհնար է իրագործել.
«Եվ հենց այս իրողությունն է, որ մեր դիվանագիտությունը պետք է հասցնի աշխարհին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Վերջինիս խոսքով` Լեռնային Ղարաբաղը ու բոլոր գործընթացները, որ առնչվում են նրան, պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իմաստով այս տարին կարևոր է՝ հաշվի առնելով Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք, ըստ Կ. Բեքարյանի, ևս մեկ անգամ աշխարհին հնարավորություն կտան տեսնել ժողովրդավարական ողջ գործընթացի առավելությունը:
«Մենք պետք է կարողանանք աշխարհին տեղ հասցնել այն կարևոր հանգամանքը, որ Ադրբեջանի պահվածքը, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, վկայում է, որ թեև Մադրիդյան սկզբունքները տեսականորեն գեղեցիկ են հնչում, բայց ներկայիս իրավիճակում, երբ առկա է նման այլատյացություն և նման պահվածք, հեռու է որևէ կերպ իրական լինելուց կամ իրականությանը մոտ լինելուց»,-ընդգծեց բանախոսը:
Քաղաքագետը նկատեց, որ հակառակորդի այդ պահվածքը ցույց է տալիս, որ հայկական կողմը պետք է մտածի ու քայլեր ձեռնարկի ՀՀ-ԼՂՀ իրավապայմանագրային դաշտի լայնացման, այն ավելի ընդգրկուն դարձնելու առումով: Իհարկե, ասաց Կ. Բեքարյանը, նման բան կա, բայց մեխանիզմը թարմացման ու բոլոր ուղղություններով համապատասխանեցնելու կարիք է զգում:
«Հարկավոր է միս ու արյուն տալ այն ձևաչափերին կամ հնարավորություններին, որոնք կան: Այսինքն՝ նահանգների, համայնքների մակարդակով ճանաչումներին, նրանց հետ օրակարգը հագեցնել՝ ճանաչում ասվածին միս ու արյուն տալ նաև գործողություններով»,- հավելեց նա: