30/01/2015 19:29
Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում՝ Նորվեգիայի հանրային հեռուստաալիքով
Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրված իր «Ավազե ամրոցը Հալեպում» գրքի նորվեգերեն թարգմանության կապակցությամբ Նորվեգիայում այցելեց հայ ժողովրդի բարեկամ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհուուն` Մարիտ Գրևին:
Նույն օրը Նորվեգիայի հանրային հեռուստաալիքը (NKR) իր նորությունների ժամին տեսանյութ հեռարձակեց Քրիս Բոհջալյանի և Մարիտ Գրևի հանդիպման մասին, որում խոսվում էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Ցուցադրվեց «Նանսենյան անձնագիրը» և նշվեց, որ հաղորդումը երկու թոռների հանդիպման մասին է, որոնց միջև կապը հաստատվել է դեռևս 100 տարի առաջ` 1915թ. պատմական իրադարձությունների ժամանակ: Հաղորդման մեջ ասվում է, որ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքն իր տատի և պապի մասին է, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածներից են եղել` շնորհիվ Ֆրիտյոֆ Նանսենի, և գրողի համար շատ կարևոր իրադարձություն է Նանսենի ընտանիքի հետ հանդիպումը: «Այսօր բոլոր հայերը ժառանգներն են ողջ մնացածների: Այնպես որ մենք բոլորս, ովքեր նոր կյանք են ստեղծել Նորվեգիայում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, պետք է շնորհակալ լինենք Ֆրիտյոֆ Նանսենին և «Նանսենյան անձնագրերին», - ասում է Քրիս Բոհջալյանը հաղորդման մեջ:
Նշվում է նաև, որ Բոհջալյանը բազմաթիվ գրքեր է գրել իր պապերի երկրի մասին, բայց «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքը շատ ավելի կարևոր է եղել իր համար:
Այնուհետև խոսում է Մարիտ Գրևը` նշելով, որ նա եղել է Հայաստանում և տեսել է, թե ինչ նշանակություն ունի Նանսենը հայերի համար: Նա քարտեզի վրա ցույց է տալիս այն վայրերը, որտեղ սպանվել են հայերը, որից հետո հաղորդավարը նշում է, որ Օսմանյան կայսրությունում շուրջ մեկ միլիոն հայեր են սպանվել: Հաղորման մեջ խոսում է նաև Նանսենի ծոռը` Աննե Գրևը, նշելով, որ հայերը միշտ հիշում են Ֆրիտյոֆ Նանսեին և ամեն տարի ապրիլ ամսին այցելում են նրա գերեզմանին` խոնարվելով նրա հիշատակին:
Հայոց ցեղասպանությանն անդրադարձած տեսանյութն ավարտվում է Քրիս Բոհջալյանի այս խոսքերով. «Բոլոր ցեղասպանությունների վերջին մասը ժխտումն է: Իսկ Արմենի և Էլիզաբեթի պատմությունը, հույս ունեմ, մեզ կկարողանա հասկացնել, որ մարդկությունը չպետք է այլևս թույլ տա նման հրեշավոր չարիքի կրկնություն»: