30/01/2015 19:16
Ցանկանում եմ, որ մարդիկ փնտրեն ու հասկանան՝ ինչ է եղել. Ֆաթիհ Աքինն իր «Սպի» ֆիլմով Երևանում է
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, լրագրողների համար անցկացվեց գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի փակ դիտում:
Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանության ընթացքում և դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ ընտանիքի, ավելի կոնկրետ ընտանիքի հոր՝ Նազարեթ Մանուկյանի օրինակով: 1915թ.-ին Նազարեթին հեռացնում են ընտանիքից, բայց նրան հաջողվում է փրկվել ու հետագայում, պարզելով, որ իր երկվորյակ աղջիկները ևս ողջ են, նա սկսում է փնտրել…
Ֆիլմի դիտումից հետո լրագրողների հետ հանդիպեց անձամբ ռեժիսորը.
«Անունս Ֆաթիհ Աքին է: Ծնողներս թուրքեր են:1960-ականներին նրանք տեղափոխվել են Գերմանիա: Ես ծնվել եմ այնտեղ՝ 1970-ականներին: 1990-ականներին սկսեցի զբաղվել կինոյով»,- ասուլիսի սկզբում ասաց Աքինը՝ նշելով, որ Հայաստանում առաջին անգամ չէ.
«Այստեղ եղել եմ նաև 2010թ.-ին՝ «Ոսկե ծիրանի» փառատոնին: Շատ հատուկ ու նշանակալից ժամանակահատված էր»,- ասաց ռեժիսորը՝ բացատրելով, որ զգայուն ժամանակահատված էր, հատկապես թուրք մարդու համար Հայաստան գալու տեսանկյունից:
«Այն ժամանակ «Սպի» ֆիլմի գաղափարն արդեն կար: Եվ իմ այստեղ գալն առաջին անկյունաքարը դարձավ դրա իրականացման համար: Հիմա՝ 5 տարի անց այստեղ եմ արդեն պատրաստի ֆիլմով»,- ասաց Աքինը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ նպատակ ունի ֆիլմը, ո՞րն է դրա հիմնական թիրախն ու լսարանը, ի՞նչ է ցանկացել ասել ռեժիսորը.
«Մի քանի առանցք ու բանալի ունեի այս ֆիլմն անելիս: Հիմնական առանցքներից մեկն այն է, որ ես, իմ ծնողները սերում ենք մի երկրից, որտեղ ժամանակին ու անգամ հիմա խոսքի ազատության սահմանափակումներ կային ու դեռևս կան այս թեմայի շուրջ»,- ասաց Ֆաթիհ Աքինը՝ շարունակելով.
«Ժամանակին՝ մինչև բոլորովին վերջերս, Թուրքիայում հնարավոր չէր Ցեղասպանություն բառն անգամ գործածել: Հիմա էլ այնքան հեշտ չէ: Մինչդեռ ես հավատում եմ խոսքի ազատությանը և ինձ թվում է, որ խոսքի ազատությունն այն փխրուն շնորհն է, որ մեզ տրված է»,- ասաց ռեժիսորը:
Նա նշեց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքացիական շարժում Ցեղասպանության վերաբերյալ, որն ավելի է ակտիվացել Հրանտ Դինքի սպանությունից հետո:
«Եվ ես հույս ունեմ, որ այս ֆիլմը խթան կլինի այդ շարժմանը: Միայն անցյալն ընդունելով՝ մենք կարող ենք առաջ շարժվել ու այլևս չկրկնել այն»,- ասաց ռեժիսորը:
«Ես կարծում եմ ու ես նաև տեսնում եմ դա: Թուրք երիտասարդները ֆիլմը նայելուց հետո ասում են՝ «իսկ մենք չգիտեինք, որ նման բաներ են եղել»: Ես ցանկանում եմ, որ կինոթատրոններից դուրս գալուց հետո մարդիկ գնան, փնտրեն, փորձեն ինֆորմացիա գտնել ու հասկանալ՝ ինչ է եղել»,- ասաց Ֆաթիհ Աքինը:
Նշենք, որ Ֆաթիհ Աքինի ֆիլմերը ներկայացված են եղել մի շարք միջազգային կինոփառատոններում: Նա Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր է:
Ինչ վերաբերում է «Սպի» ֆիլմին, այն նկարահանվել է մի քանի երկրում՝ Հորդանանում, Գերմանիայում, Մալթայում, Կուբայում և մի քանի երկրների համատեղ արտադրություն է:
Ֆիլմը հայկական կինովարձույթում կլինի փետրվարի 19-ից:
Նյութը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: