30/01/2015 14:22
Քաղաքագետ. 100-ամյա տարելիցը չպետք է դառնա անջրպետ
Հայոց ցեղասպանության խնդրի համատեքստում 100-ամյա տարելիցը չպետք է դառնա անջրպետ, պետք է դառնա պայքարի նոր հանգրվան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է աշխատանքներ տանի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի հասարակության ուղղությամբ:
«Այդ տեսակետից վերջին տարին կարելի է բավարար արդյունքներ արձանագրած տարի անվանել»,- նկատեց ՀԿ նախագահը՝ նշելով, որ թուրքական մամուլում անդրադարձեր Հայոց ցեղասպանությանը, ցեղասպանությունը՝ ցեղասպանություն անվանելով, դրա մասին տարաբնույթ մտորումներ, առնչվող տարբեր հոդվածներ, պատմությունների տպագրումը:
«Թուրքիայի հանրությունից դա փակ է պահվել, եղել է տաբուների ներքո, բայց այնտեղ այսօր դրան առերեսվելը չի կարող իր ուղղակի անդրադարձը չունենալ, միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք կուզենայինք»,- նշեց նա:
Կարեն Բեքարյանը ցանկություն ունի 2015-ը հայերի կոնսոլիդացիայի, օրակարգի ավելի հստակեցման, ապագա քայլերի առնչությամբ ևս հստակություն տեսնել: