30/01/2015 19:40
Ինչո՞ւ և ո՞ւմ հետ փոխհամաձայնեցված են բողոքում տոնավաճառների առևտրականները
Տոնավաճառների առևտրականները պահանջում են վերադառնալ հաստատագրված վճարին: Շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխություններով ներկայիս 3,5 տոկոսի փոխարեն նրանք պետք է վճարեն 1 տոկոս հարկ, բայց ունենան իրենց ապրանքների փաստաթղթերը: Առաջին հայացքից անհասկանալի է, իհարկե, թե ինչպե՞ս կարելի է բողոքել հարկային դրույքաչափի նվազեցումից, այն էլ, որ դրա արդյունքում այդ դրույքաչափը դառնում է ընդամենը 1 տոկոս, բայց միայն առաջին հայացքից, իրականում անհասկանալի ոչինչ չկա:
Նախ` հաստատագրված վճարի մասին: Դա ոչ միայն անցած փուլ է, այլև խիստ անարդար հարկատեսակ, երբ հաստատգրված վճարը գանձվում է առետրի տարբեր ծավալներ ունեցող, տարբեր վայրևում գտնվող և գնային ահռելի տարբերություն ունեցող ապրանքներ վաճառողներից: Այդ անարդարությունը խորանում է փաստաթղավորմամբ գործող տոնավաճառներից դուրս գտնվող առևտրի օբյեկտների հետ համեմատելու դեպքում: Անհասկանալի է նաև, թե որքան պետք է լինի հաստատգրված վճարը: Առևտրականներն առաջարկում են ամսական 15 հազար դրամ: Ոչ ոք չի հիմնավորում, թե ինչու 15 հազար: Իսկ գուցե 45 հազար դրամ: Մի խոսքով թիվ «կրակելը» մի բան է, հիմնավորելը` այլ:
Այդուհանդերձ, 15 հազար դրամը պայմանավորված է ներկա կացությամբ: Շուրջ 40 հազար առևտրականի ցույց տրվող շրջանառության միջին չափը տարեկան 5 մլն դրամն է, որի դեպքում նրանց վճարած 3,5 տոկոս շրջանառության հարկը՝ տարեկան միջինը 175 հազար դրամ կամ ամսական 14,5 հազար դրամ: Ավելորդ է ասել, թե սա ինչ ցածր հարկային բեռ է տոնավաճառների առևտրականների համար, որոնց իրական շրջանառությունը ներկայացվողից ավելի է 5-10 անգամ: Դա ակամայից փաստում են հենց առևտրականները` հարկային բեռի 1 տոկոսից և պարտադիր փաստաթղթաշրջանառությունից բողոքելով:
Այսպես, եթե հարկային բեռը նվազեցվում է 3,5 անգամ, ապա առևտրականները կարող են իրենց շրջանառությունը նույնպես 3,5 անգամ ավելի ցույց տալ` տարեկան 5 մլն դրամի փոխարեն` 17,5 մլն դրամ և շարունակեն վճարել նույն` տարեկան 175 հազար դրամ կամ ամսական 14,5 հազար դրամ շրջանառության հարկը: Մինդեռ, նրանք դա անել չեն ցանկանում, ինչն էլ փաստում է, որ իրական շրջանառությունը 3,5 անգամից շատ ավելի է: Սա մի կողմից:
Մյուս կողմից ակնհայտ է, որ տոնավաճառների առևտրականներին բողոքի ելույթների են դրդում ավելի խոշոր` մեծածախ առևտրային կազմակերպությունները, որոնք ապրանքներ են մատակարարում այդ նույն առևտրականներին առանց փաստաթղթերի: Արդյունքում, շնորհիվ վերջիններիս, խոշորները խուսափում են ավելի շատ հարկեր վճարելուց: Եթե տոնավաճառների առևտրականները սկսեն 3,5 անգամ ավելի շրջանառութւուն ցույց տալ և դա հիմնավորեն փաստաթղթերով, ապա մեծածախ առևտրով զբաղվողները նույնպես ստիպված կլինեն նույնքան անգամ ավելի շրջանառություն ցույց տալ և հարկեր վճարել:
Արդյունքում, ունենք իրավիճակ, երբ տոնավաճառների առևտրականները բողոքում են այն պարագայում, որ նրանք 3,5 անգամ ավելի շրջանառութւուն ցույց տալով, նույն չափի հարկ են վճարելու, իսկ խոշոր առևտրային կազմակերպությունները չեն բողոքում, երբ նրանք այդ դեպքում հարկադրված կլինեն ավելի շատ վճարել: Սա հասկանալի է դարձնում, թե ովքեր են կանգնած տոնավաճառների առևտրականների հետևում և ում հետ փոխհամաձայնեցված են բողոքում վերջիններս: