30/01/2015 15:16
Եռյակի նիստն ավարտվեց. Երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Այն, ինչ կատարվում է հանրապետությունում, մեր ուշադրության կենտրոնում է: Եռյակը որոշեց, որ երկուշաբթի օրը՝ ժամը 18.00-ին, արտահերթ նիստ կհրավիրենք` «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկմամբ: Այս մասին եռյակի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իրենք կողմ են ու աջակցում են մեր քաղաքացիներին, որոնք պահանջում են այդ օրենքի կասեցում, իսկ թե ինչ են պատրաստվում անել հետո, կհայտարարվի հավելյալ:
«Մեր խնդրանքն է, որ ցուցարարները արտահերթի ժամանակ լինեն Բաղրամյան փողոցում»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը:
Պատգաավորի խոսքով` փոքր և միջին բիզնեսը արդեն մտնում է Կարմիր գիրք.
«Մարդիկ արդեն նստացույց են հայտարարում, իսկ ոմանք հայտարարում են, որ սա քաղաքական շահարկում է: Էս ի՞նչ համառություն է, որ չեն գիտակցում խնդիրը: Այս մարդկանց պահանջի մեջ առողջ բան կա, նրանք ուզում են ապրել այս պետության մեջ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է եռյակի կողմից մասսայական միջոցառումների անցկացմանը, Ռ. Հակոբյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի արտահերթ նիստի կամ նստաշրջանի գումարելուց հետո:
«Իշխանափոխության պահանջը միշտ եղել է մեր օրակարգում»,- շեշեց նա: