30/01/2015 15:31
Վիգեն Սարգսյան. Ապրիլի 22-ից 24-ը լինելու են ոգեկոչման միջոցառումների գագաթնակետերը
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին հանձնաժողովի 5-րդ նիստը:
Վ. Սարգսյանը ներկայացրեց մինչ այս իրականացրած աշխատանքները, ինչպես նաև բոլոր այն հիմնական միջոցառումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 24-ը, իսկ ապրիլի 22-ից 24-ը լինելու են ոգեկոչման միջոցառումների գագաթնակետերը:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երեկ հնչեցված հռչակագրին՝ Վ. Սարգսյանն ասաց, որ այն թարգմանվել է վեց լեզվով, նաև արևմտահայերենով: Տտարածաշրջանի հանձնախմբերի հետ, շարունակեց նա, մեծ ծավալով աշխատանքներ են տարվում, և նախատեսված են գիտական, քաղաքական, մշակութային բնույթի միջոցառումներ:
Վ. Սարգսյանի խոսքով՝ մարտի 18-20-ը նախատեսված է միջազգային մեդիաֆորում, որը կոչվելու է «Արարատի ստորոտին»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ իր հերթին ասաց, որ պատրաստվել է ռազմավարական ուղենիշ, որը լուրջ գործիք է լինելու թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս իրականացվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների համար, ինչպես նաև նշեց, որ թանգարան-ինստիտուտը ներգրավված է լինելու բազմաթիվ խոշորագույն միջոցառումներում, այժմ արդեն հաստատված է 40 հասցե, որտեղ ցուցադրություն պետք է կայանա և օրեցօր այդ թիվն ավելանում է:
Հ. Դեմոյանն ասաց, որ իրենք կարևորում են ցուցադրության որակը և յուրաքանչյուր ցուցադրություն ինքնանպատակ չէ, այն պետք է ուղեկցվի կատալոգով:
Հ. Դեմոյանը ասաց, որ բոլոր միջոցառումները, ինչպես հայտնել է ՀՀ Նախագահը, կառուցված են լինելու չորս հիմնասյուների շուրջ՝ հիշողությունը, երախտագիտությունը՝ բոլոր այն անհատներին, կառույցներին, պետություններին, որոնց օգնության շնորհիվ եղել են փրկվողներ, երրորդը՝ միջազգային պարտավորությունն է՝ հիշեցնելու հանրությանը Հայոց ցեղասպանության մասին և դրա անպատասխան թողնելու վտանգները, իսկ չորրորդ հիմնասյունն անցած 100 տարիների գնահատումն է՝ ազգային գիտակցության, ինքնության պահպանման առումով: