30/01/2015 20:19
Շանթ Հարությունյանի գործով որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց Վերաքննիչ դատարան հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` միջնորդությանը կցելով այն տեսաերիզը, որտեղ նախագահը ԱՄՆ-ում 2014թ. սեպտեմբերի 24-ին հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:
Միջնորդությանը միացավ նաև փաստաբաններից Արա Զաքարյանը՝ նշելով, որ նախագահը նման դիրքորոշում հայտնելով էապես ազդել է դատարանի դիքորոշման վրա, քանի որ նման հայտարարությունից հետո «որևէ դատավոր չէր համարձակվի կայացնել այլ դատարկան ակտ, քան այն, ինչ կայացվել է:
Դատարանը մերժեց միջնորդությունը այն հիմնավորմամբ, որ նախագահի խոսքը ամբաստանյալներին վերագրված արարքներում նրանց մեղավորությունը չի հաստատում կամ հերքում:
Միջնորդություն փորձեց անել նաև Շանթ Հարությունյանը, ում խոսքով՝ իրենց արարքը պետք է վերաորակվի ինքնապաշտպանություն, քանի որ «պայքարել է հայրենիքի դավաճանների դեմ»:
Դատարանը փորձեց թույլ չտալ Շանթ Հարությունյանին շարունակել իր միջնորդությունը, ինչը իրարարանցում առաջացրեց դատարանի դահլիճում:
Դատավորը հայտարարեց, որ գործի քննությունն ավարտված է, և դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին: