30/01/2015 15:53
Վիգեն Սարգսյան. «Հիշողություն» ֆիլմը չի ընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներում
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով նկարահանված Հայոց ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմը չի ընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինքը դիտել է ֆիլմը՝ հասկանալու համար, թե որքանով այն կարող է օգտակար լինել մեր ազդակները տեղ հասցնելու համար և գտնում է, որ ֆիլմը չի ներկայացնում այն ուժը, որ հարկավոր է Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակները տեղ հասցնելու համար:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ֆիլմի մասին ունի իր անձնական կարծիքը, որը չի ցանկանում հայտնել, իսկ հանձնաժողովը պաշտոնական դիրքորոշում չունի:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև ասաց, որ ֆիլմի վերաբերյալ բոլորի կարծիքն այն էր, որ մեծ ջանք և ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել, կան հաջող դրվագներ և դերասանական կազմ: