30/01/2015 16:50
Վ. Սարգսյան. «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին ներկա կլինեն միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներ
Մարտի 18-20-ին նախատեսված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում առաջին խոշոր միջոցառումը՝ միջազգային մեդիաֆորումը, որը կոչվելու է «Արարատի ստորոտին»: Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ամփոփման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք աշխատում են տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որպեսզի մեդիաֆորումին ներկա լինեն միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներ:
Ապրիլի 22-23-ին նախատեսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորում:
Վ. Սարգսյանն անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգին՝ նշելով, որ սրբադասումը հստակ թվեր չի նախատեսում:
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կկայանա համաշխարհային հռչակ ունեցող «Sistem of a down» խմբի համերգը: Վ. Սարգսյանը ասաց, որ հայերից բաղկացած այս խմբի անդամները մեծ պայքար են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ, և կազմկոմիտեն որոշել է, որ ճիշտ կլինի 100-րդ տարելիցի օրը այս պահանջը մշակույթի ոլորտում հնչեցնեն հենց իրենք: Բացի այս՝ խումբը 10 խոշոր համերգ է ունենալու Լոնդոնում, Բելգիայում, Մոսկվայում և այլ քաղաքներում:
Նույն օրը երեկոյան տեղի կունենա ավանդական դարձած ջահերով երթը, որին այս տարի ակնկալվում են բազմաթիվ մասնակիցներ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը արտասահմանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյան կկայանա դասական երաժշտության մեծ համերգ, որում հանդես կգան բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ քայլեր կատարել այդ ուղղությամբ: