30/01/2015 18:15
Նախագահի աշխատակազմի ղեկավար. Հռչակագիրը կարևոր պատասխան է՝ պատմություն հորինողներին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը չափազանց կարևոր է, քանի որ սա առաջին փաստաթուղթն է, որը ընդունվել է ոչ թե Հայաստանի պետական մարմինների կամ սփյուռի ինչ-որ կառույցի, այլ՝ պետական հանձնաժողովի կողմից, որը ներառում է սփյուռքի բոլոր տարածքային կառույցները: Այս մասին այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ սա պատասխան է հատկապես նրանց, ովքեր պատմություններ են հորինում, թե Հայաստանի հայերն ու սփյուռքահայերը տարբեր ձգտումներ և խնդիրներ ունեն:
«Սա այն միասնականության ցուցիչն է, որը մեր ժողովուրդը դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին», - ասաց Վ. Սարգսյանը:
Անդրադառնալով հռչակագրի՝ հայ ժողովրդի իրավական պահանջների մասին 6-րդ կետին՝ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Մենք հստակ ժամանակացույց չենք դրել, թե երբ է պատրաստ լինելու վերջնական փաթեթը, քանի որ այդ փաթեթի մշակումը շատ լուրջ ներքին աշխատանքներ է ենթադրում: Երբ մենք խոսում ենք համալիր փաթեթի մասին, դա ենթադրում է հիմնական մոտեցումներ իրավական պահանջների հանդեպ՝ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ տվյալ փուլում դա բավական է պատկերացնելու համար, թե որ ուղղությամբ է շարժվում պետական հանձնաժողովը՝ իրավական պահանջների տեսանկյունից»:
Իրավական պահանջները միջազգային դատական ատյաններում ներկայացնելու հնարավոր սցենարի վերաբերյալ Վ. Սարգսյանը ասաց. «Լինելով միջազգային իրավունքի մասնագետ՝ ես պետական հանձնաժողովի անունից խոսելու պատասխանատվություն չէի ստանձնի, սակայն տվյալ դեպքում պահանջները ներկայացնելու իրավական ուղիները չպետք է ընկալել միայն իրավական վեճերում»: