30/01/2015 17:37
Արդեն գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը
Այսօրվանից գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը` «Armeniangenocide100.org»-ը: Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ամփոփման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի մեդիա պատասխանատու Հարություն Բերբերյանը:
Նրա խոսքով՝ կայքը ստեղծվել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ:
Կայքում ներկայացված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների և դրանց անցկացման ժամանակացույցը, շուրջ 100 տարի առաջ հայկական և արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված հոդվածներ, առկա է տեղեկատվություն Հայոց ցեղասպանության, մշակութային եղեռնի և ոգեկոչման մասին:
«Մշակութային եղեռն» բաժնում ներկայացված են Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորցրած պատմամշակութային հուշարձանները, «Ճանաչում» բաժնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու միջազգային, մարդասիրական, հասարակական կազմակերպություններն են: «Գրադարան» բաժնում այցելուները կարող են գտնել հարուստ ֆոտոարխիվ, հրատարակություններ և գրքեր:
«Պատմի՛ր քո պատմությունը» բաժնում կայքի այցելուները կարող են պատմել իրենց ընտանիքի, նախնիների, ականատեսների պատմությունը Հայոց ցեղասպանության մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորեց կայքի «Պատմի՛ր քո պատմությունը» բաժինը, որը, նրա խոսքով, կրթական ֆունկցիա ունի:
«Մենք ակնկալում ենք այս ծրագրում տեսնել հատկապես աշակերտների և ուսանողների, ովքեր իրենց տատիկներից և պապիկներից կճշտեն իրենց ընտանիքի պատմությունը, որը հաճախ չի պատմվում: Սա առիթ է, որպեսզի ծնողները և մեծերը պատմեն իրենց սերունդներին, թե ինչպես է այս հանցագործությունն առնչվել իրենց ընտանիքին»,- ասաց Վ. Սարգսյանը: