31/01/2015 09:35
ԿԸՀ-ն համայնքների խոշորացման հանրաքվեին առնչվող մի շարք ձևաթղթեր է սահմանել. «ՀԺ»
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է տեղական հանրաքվեի անցկացմանն առնչվող մի շարք ձևաթղթեր: ԿՀԸ-ն, մասնավորապես, սահմանել է տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանի ձևն ու դրանց լրացնելու կարգը, տեղական հանրաքվեի քվեաթերթիկի, ինչպես նաև արձանագրությունների և քաղվածքի ձևն ու շարադրանքը:
Հիշեցնենք, որ իշխանությունները պատրաստվում են այս գարնանը հանրապետության մի շարք համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնել՝ կապված համայնքների խոշորացման հետ: Քանի որ Ընտրական օրենսգիրքը և Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը մի շարք անհամապատասխանություններ ունեին, նախորդ տարեվերջին ուժ մեջ մտան օրենսդրական մի շարք փոփոխություններ, որպեսզի տեխնիկապես հնարավոր լինի տեղական հանրաքվե կազմակերպել:
Երեկ պատասխանելով «Հայկական Ժամանակի» հարցին, թե ԿԸՀ-ի կողմից ձևաթղթերի սահմանումն ինչո՞վ է պայմանավորված և արդյոք արդեն հայտնի՞ են տեղական հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետները, ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանն ասել է, որ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել ընդունել ենթաօրենսդրական ակտեր: Իսկ տեղական հանրաքվեի անցկացման մասին դեռ ոչինչ հայտնի չէ: