31/01/2015 11:19
Ա. Բախշյան. Երևանցուն ի՞նչ օգուտ տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումից
Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս առիթով իր մտահոգությունն է արտահայտում, որը ներկայացնում ենք ստորև:
«Հաղորդագրությունից տեղեկանում են, որ մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ դեպքերում քաղաքացիներին առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից:
Սույն մամլո հաղորդագրությունից հետևում են մի շարք հարցեր.
• Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումը,
• Վերոնշյալ երթուղիների ավտոբուսները ո՞րտեղ են օգտագործվելու,
• Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները,
• Արդյոք ավտոբուսային երթուղիների վերանայման գործընթացում հաշվի՞ են առնվելու Երևանի ծայրամասերում ապրող քաղաքացիների համար երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները:
Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատև բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ.34 և թ.38 երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչև երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ » արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը և իհարկե թաղամասի շենքերը:
Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երևանցիների տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը»,- նման հարցադրումներ է ներկայացրել Ա. Բախշյանը: