31/01/2015 12:56
Թուրքագետ. Երևանին հաջողվել է Անկարային «նեղը գցել» Հայոց ցեղասպանության հարցում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայկական կողմից ցեղասպանությանն ընդառաջ արված ամենանշանակալից քայլն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով՝ հռչակագիրը շատ խելամիտ է կազմված, նշված են Հայաստանի Անկախության հռչակագիրը, Հայաստանի Սահմանադրությունը, ՄԱԿ-ի կոնվեցիաները, և այն թուրքերին ավելի ագրեսիվ կդարձնի:
Թուրքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հռչակագրում նշված Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվեցիան հետադարձ ուժ ունի, քանի որ թուրքերն ամեն անգամ ասում են, որ այդ կոնվենցիան ընդունվել է 1948 թվականին և չի կարող վերաբերվել 1915 թ.:
Հ. Չաքրյանի խոսքով, թեև Հայաստանի համեմատ Թուրքիան շատ մեծ է, բայց Երևանին հաջողվել է Անկարային «նեղը գցել» Հայոց ցեղասպանության հարցում, և թուրքական կողմը, հակաքայլեր չունենալով, «դիմում է անհավասարակշիռ քայլերի, իսկ Էրդողանը ցանցառ ելույթներ է ունենում»:
Թուրքագետի կարծիքով՝ Հռչակագիրը թուրքական կողմին ավելի ագրեսիվ կդարձնի:
«Որքան ծավալվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, թուրքական ժխտողականությունը դառնում է ավելի ագրեսիվ, բայց այդ ամենն արդյունք չի տա, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ անցկացվեն»,- ասաց նա: