24/02/2015 20:28
Անուշ և Ինգա Արշակյանները հանդիսատեսին կներկայանան մենահամերգով
Անուշ և Ինգա Արշակյան քույրերը պատրաստվում են մեծ մենահամերգով ներկայանալ իրենց հանդիսատեսին: Ծրագրի մշակմամբ զբաղվում է Անուշ Արշակյանը: «Ծրագրի հիմքում կլինեն տարբեր ժամանակներում բանահավաքների կողմից հավաքագրված գործեր: Հայկական երգարվեստի այդ բացառիկ ժառանգության մի մասը կազմող ստեղծագործությունները կհնչեցնենք նորովի մշակմամբ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեցին Արշակյան քույրերը:
Ի դեպ, մենահամերգի ընթացքում կհնչեն նաև կոմիտասյան ստեղծագործություններ, որն Անուշ Արշակյանի վաղեմի երազանքն է.
«Երկար ժամանակ ուսումնասիրել եմ Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական ուսումնասիրությունները, նրա երգեցողական դպրոցը և հայ երգաստեղծության օրենքները: Հուսամ, այս տարի երազանքս բարեհաջող ի կատար կածվի»:
Նշենք, որ մենահամերգը նախատեսված է աշնանը, քանի որ այն, ինչպես քույրերն են ասում, լուրջ մոտեցում ու պատրաստվածություն է պահանջում:
Իսկ այժմ նրանք զբաղված են նոր տեսահոլովակի նկարահանմամբ, որի մասին մանրամասնել չցանկացան: