25/02/2015 19:40
«Ինձ համար երեխայի սեռը նշանակություն չունի». Արտավազդ ու Մարիամ Ամիրյանները սպասում են իրենց առաջնեկին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արտավազդ և Մարիամ Ամիրյանները սպասում են իրենց առաջնեկին, ով ապագա ծնողներին կուրախացնի ամռան վերջին:
«Դեռևս փոքրիկի սեռը չենք ճշտել, այդ հարցով չենք էլ շտապում: Անկեղծ ասած՝ ինձ համար երեխայի սեռը նշանակություն չունի: Արդեն քույրիկիս դստրիկի՝ Մարթայի շնորհիվ աղջիկ երեխայի քաղցրությունը զգացել եմ: Կարևորը, փոքրիկը առողջ լինի ու ազգին պիտանի մարդ: Արդեն իսկ գերագույն երջանկություն է նրա լույս աշխարհ գալու մասին իմանալը, բայց չեմ թաքցնի և կասեմ, որ, ինչպես յուրաքանչյուր տղամարդու, ինձ համար ևս ոգևորիչ է տղա զավակ ունենալը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արտավազդ Ամիրյանը:
Աշխարհում, հատկապես Հայաստանում, ընդունված է երեխաներին կոչել ընտանիքի մեծերի անուններով: Թեև դեռ պարզ չէ Ամիրյանների փոքրիկի սեռը, սակայն անունը արդեն իսկ որոշված է.
«Եթե աղջիկ լինի, անունը կդնենք Օվսաննա՝ մայրիկիս անունով, եթե տղա՝ Արա՝ հայրիկիս պատվին: Ի դեպ, նման ցանկություն առաջինը հայտնել է կինս՝ Մարիամը»:
Ապագա հայրիկը կարևոր լուրի մասին տեղեկացել է աշխատավայրում՝ զանգի միջոցով: Բայց ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեց դեռ նոր ձևավորվող փոքրիկի սրտի աշխատանքը:
«Ես աշխատանքի էի, մայրս և Մարիամը գնացել էին բժշկի և իմացել նորության մասին: Ինձ զանգեցին ու հայտնեցին: Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ լսեցի երեխայի սրտիկի աշխատանքը: Մարդու կյանքում շատ կարևոր փուլեր կան. ամուսնություն, երբ լիովին փոխվում է կյանքդ, առօրյադ: Երեխայի ծնունդ, որը քեզ է ամբողջությամբ փոխում, այլ կերպ ես մտածում ու ապրում: Այժմ ես այն էտապում եմ, որ ավելի պատասխանատվությամբ են մոտենում կյանքին, փորձում եմ աշխատել ավել շատ՝ իր ապագան ապահովելու համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը: