25/02/2015 16:21
Ի. Տոնոյան. Գ. Ծառուկյանը բարեգործական ծրագրերից չի հրաժարվում
«Բարեգործական ծրագրերի դադարեցման հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ, բայց մեկ բան հստակ է` այդ ծրագրերը երբևէ կապակցված չեն եղել քաղաքականությանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե մի շարք բարեգործական ծրագրեր, որ իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, դադարեցվելու են: Դրանց թվում նաև Երևան-Աբովյան բարեգործական անվճար երթուղիները:
Ինչ վերաբերում է «Հրազդան» տոնավաճառի շուրջ 300 առևտրականներին Գ.Ծառուկյանի կողմից Երևան-Սևան մայրուղու վրա անվճար տրամադրվելիք տաղավարներին, ապա Ի. Տոնոյանը նշեց, որ մամուլում այս կապակցությամբ այսօր առկա տեղեկատվությունը բացարձակ ապատեղեկատվություն է:
«Այս պահի դրությամբ շինարարությունը շարունակվում է և առաջիկայում մի քանի հարյուր առևտրականների կտրամադրվեն խոստացված տաղավարները»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկատվություն կար, որ ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Գ.Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար ու անժամկետ հատկացրել էր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: