25/02/2015 18:17
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս հայտնել, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:
Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարևորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում:
Ոստիկանության պետը ներկայացրել է բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրոդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը և այլն:
Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: