25/02/2015 16:09
Արփինե Իսրայելյանը, Ալինա Մարտիրոսյանը, Մերի Մակարյանը՝ ATV-ի «Լույսի պահապանը» սերիալում
«Լույսի պահապանը». ահա այսպես է կոչվում մարտի 9-ից ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվելիք նոր սերիալը: Գլխավոր դերում հանդես կգա Արփինե Իսրայելյանը:
«Հերոսուհուս անունը Սոնա է, ով ունի փոքրիկ քույրիկ՝ Նարե անունով: Նարեի դերում 7-ամյա Էրիկա Հակոբյանն է: Կերպարս բավականին ուժեղ, ամուր կամքի տեր աղջիկ է, ով դժվարությունները փորձում է ամեն կերպ հաղթահարել: Արդյունքում, բավականին մեծ գաղտնիքներ են բացահայտվում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանուհին:
Սերիալի ռեժիսորն է Համլետ Համբարձումյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, ով նաև «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի, ինչպես նաև մի շարք բարձր վարկանիշ ունեցող սերիալների՝ «Աննա», «Որբերը», «Գեներալի աղջիկը», «Քույրը», «Ամնեզիա», սցենարների հեղինակն է:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ո՞րն է սերիալում տեղ գտած առանցքային թեման և արդյոք այս անգամ իր կերպարը կառանձնանա՞ նախորդներից.
«Սերիալում արծարծվում է «թուղթ ու գիր» թեման, բայց իրականում այն առանցքային չէ: Սերիալը մարդկային փոխհարաբերությունների, տեսակների և կյանքի իրական դրսևորումների մասին է: Նշվում է, թե ինչ ուժ պետք է ունենա մարդը, որ կարողանա մեծագույն դժվարությունները հաղթահարել: Ինչ վերաբերում է կերպարային փոփոխությանը, ապա ասեմ, որ գուցե այս պահին այն իմ սպասված կերպարը չէր, բայց ես սիրեցի Սոնային, քանի որ կերպարն առանց իմը դարձնելու՝ չեմ կարող այն ներկայացնել: Ամեն մի կերպար ունի իր ճակատագիրն ու պատմությունը ու հենց դրանով էլ տարբերվում է մյուսներից: Յուրաքանչյուր դերասանի համար փոփոխությունները ցանկալի ու կարևոր են, որպեսզի կարողանաս «լիցքավորվել»,- զրույցը եզրափակեց Ա. Իսրայելյանը:
Ֆիլմում ներգրավված են նաև սիրված դերասաններ Մերի Մակարյանը, Էվա Խաչատրյանը, Ալինա Մարտիրոսյանը, Արամ Մանուկյանը, Անի Քոչարյանը, Էրիկա Հակոբյանը, Սմբատ Ստեփանյանը և այլոք: