25/02/2015 17:20
«Սումգայիթում իրականացվածը ցեղասպանություն է, սակայն չգիտես ինչու՝ իշխանությունները լռում են այդ մասին»
Սումգայիթում իրականացվածը միջազգային օրենքներով որակվում է որպես ցեղասպանություն և մեր իշխանությունները պարտավոր են այդ հարց բարձրացնել, սակայն, չգիտես ինչու, անկախության տարիներից ի վեր երեք մեր նախագահներն էլ խուսափում են դրան անդրադառնալուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը:
Նրա խոսքով՝ այդ դեպքերը կատարվել են ոչ թե մեկ կամ երեք օրվա ընթացքում, այլ փետրվարի 26-ից 29-ը, և ինքը արկղերով փաստաթղթեր ունի, բազմաթիվ վկայություններ, ձայնագրություններ, սակայն այդ ամենը մշակելու համար իրեն պետական աջակցություն է պետք:
«Իմ հարցերին, թե ինչու այս հարցով միջազգային դատարան չեն դիմում, միջազգային իրավունքի մասնագետներն ասում են, որ դիմելու համար բավարար փաստեր չունեն, բայց ես կարող եմ տրամադրել բոլոր փաստերը: Գնալով վկաներն էլ մահանում են, Սումգայիթում զոհվածների հարազատների մեծ մասն էլ Հայաստանը լքել է»,- ասաց նա:
Հ. Ուլուբաբյանի խոսքով՝ Սումգայիթը և Բաքուն կարող են լինել ղարաբաղյան հարցի լուծման բանալին, որովհետև Սումգայիթն իրականացվեց իբրև ղարաբաղյան հարցի պատասխան: