25/02/2015 18:30
«Այբ» դպրոցի աշակերտների աշխատանքները հաջողությամբ են ներկայացվել Սոչիի ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային
«Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս և մյուս` գծին հետևող և հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը:
«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի և ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: