26/02/2015 14:33
Իշխանությունը պետք է փորձի իր համար հարմար ընդդիմություն ձևավորել․ Բ․ Նավասարդյան
«Թիվ 1 հարցն այն է, թե ով է լինելու հիմնական ընդդիմությունը», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին:
Նավասարդյանի կարծիքով՝ մոտ ժամանակներս կտեսնենք նոր ձևափոխված ԲՀԿ, նոր ֆորմալ առաջնորդով, ավելի հանգիստ համբերատար նախապատրաստվող ընտրություններին:
Խոսելով Ծառուկյանի քաղաքական կարիերայի մասին՝ Բ. Նավասարդյանը նշեց, որ եթե այն չի ավարտվել ապա գոնե սառեցվել է, ու դեռ շանսեր կան, որ Ծառուկյանը կմտնի քաղաքականություն՝ մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանում հաջողության հասնում են կարճ տարածության վրա արագ գործող քաղաքական գործիչները, ինչի շանսը, ըստ բանախոսի, Ծառուկյանը կարող է օգտագործել 2017 թ․ ընտրությունների նախաշեմին:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, Բ. Նավասարդյանը կարծում է, որ ՀԱԿ-ը կարող էր հավակնել հիմնական ընդդիմության դերին, եթե առաջին նախագահը իրավահաջորդ ունենար: Բանախոսը կարծում է, որ ՀԱԿ-ը դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը, ցավոք, հետևորդ չունի, որ կկարողանար ՀԱԿ-ը դարձնել ինքնուրույն ուժ, իսկ ինքը Տեր-Պետրոսյանը տարիների ընթացքում ավելի երիտասարդ դառնալ չի կարող:
Երևանի մամուլի ակումբի նախագահն անդրադարձավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» հավակնություններին՝ նշելով, որ այդ կառույցը դժվար թե հավակնի հիմնական ընդդիմության դերին, բայց սրացումներ երկրի կյանքում կարող է մտցնել:
Անդրադառնալով ներքաղաքական հայտնի գործընթացներին՝ Բ. Նավասարդյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ հասարակությունը տեղեկացված չէ տեղի ունեցած գործընթացներից, ու եթե սկզբում Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տպավորություն կար, թե գործընթացը բաց է, ապա այն կրկին թևակոխեց կուլիսային մակարդակ:
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը կփորձի նոր ընդդիմություն ձևավորել, ամեն դեպքում չափավոր ընդդիմությունը Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների պայմաններում չի կարողանա արժանանալ հանրության վստահությանը, բացի այդ էլ արդեն կա անցյալի փորձը, երբ նույնիսկ վերահսկելի ընդդիմությունը ինչ որ պահից սկսում է ինքնուրույն գործողությունների դիմել: