26/02/2015 15:05
Կանխարգելիչ բժշկական քննության համակարգի ներդնումը շրջադարձային իրադարձություն է
Համաձայն վիճակագրական տվյալների՝ Հայաստանում մահացության պատճառների կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով (հիպերտոնիկ հիվանդություններ, սրտամկանի կաթված, ուղեղի անոթային կաթված) մահացությունը կազմում է մոտ 48 %-ը, չարորակ նորագոյացությունների պատճառով՝ 20 %-ը, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 6 %-ը, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 6 %-ը, իսկ շաքարախտից՝ 5 %-ը:
Բնակչության մահացությունների 85 %-ը տեղի է ունենում 5 հիմնական հիվանդությունների պատճառով, իսկ միայն սիրտանոթային և չարորակ նորագոյացությունների պատճառով 68%-ը: Այս և այլ բազմաթիվ հիվանդություններից բնակչության մահացությունը համեմատաբար ավելի քիչ կլիներ, եթե մեր երկրում գործեր հիվանդությունների վաղօրոք բացահայտման և կանխարգելման գործող համակարգ: Իսկ այս վիճակագրությունը հուշում է, թե հատկապես, որ հիվանդությունների դեմ կանխարգելումը պետք է հանդիսանան ազգային առողջապահության հիմնական խնդիրները:
Այդ տեսակետից, բավականին ողջունելի է պետական ծառայողների՝ այս տարվա սոցիալական փաթեթում պարտադիր կանխարգելիչ բժշկակական քննության բաղադրիչի ներդրումը: Նախ, կարևորենք հատկապես դրա պարտադիր լինելու հանգամանքը, այլապես փաթեթից օգտվելու իրավունքից չեն կարող ունենալ սոցիալական փաթեթի շահառուները:
Նշենք, որ կանխարգելիչ բժշկակական քննության բաղադրիչը ենթադրում այնպիսի հետազոտությունների իրականացում, ինչպես օրինակ՝ արյան ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզայի և խոլեստերինի որոշումը, էլեկտրասրտագրությունը, ուլտրաձայնային սրտագրությունը, ֆլյուրոգրաֆիան, PSA տեստը տղամարդկանց համար, PAP տեստ կանանց համար և թերապեվտի, ուռոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություններ:
Հենց այսպիսի բազային հետազոտությունները և խորհրդատվությունները պարբերաբար անցնելու դեպքում, բազմաթիվ հիվանդություններ իրենց սկզբնական փուլերում կբացահայտվեն և կբուժվեն: