26/02/2015 16:19
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովն սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ:
Վեհափառ Հայրապետն արդյունավոր աշխատանք է մաղթել ժողովականներին` վստահություն հայտնելով, որ ժողովում ընդունված որոշումները կնպաստեն նախատեսված միջոցառումների ու հոգևոր արարողությունների բարեհաջող անցկացմանը և հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:
ԳՀԽ նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անդրադարձել են ապրիլի 22-24-ը Հայաստանում և Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը և ոգեկոչման միջոցառումներին: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
ԳՀԽ-ին ներկայացվել է, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից:
Գերագույն հոգևոր խորհրդին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը զեկույց ներկայացրել են Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում և Սփյուռքի հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների վերաբերյալ:
Ժողովականները քննության են առել նաև Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր ուղեցույցի նախագիծը, որի վերաբերյալ զեկույց ներկայացրել ՀԵԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Այս առնչությամբ տեղեկացվել է, որ 2015 թ. հուլիսին նախատեսվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել ՀԵԵՄ պատգամավորական երրորդ ժողով:
Ժողովին տեղեկացվել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 43-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ը՝ աբեղա, 446-ը` քահանա, 142-ը` սարկավագ: Անցյալ տարի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրվել են 27 ամուսնացյալ քահանաներ, 22 սարկավագներ:
2014 թ.-ին Մայր Աթոռի կառույցներում աշխատել է 982 անձ:
2014 թ. Մայր Աթոռ հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 74-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տներում, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ և պատանիներ, 2014 թ. եկեղեցական, ազգային և պետական տոների առիթներով իրականացվել է 225 միջոցառում:
Անցյալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունեություն իրականացնել ազգային մեր կյանքի տարբեր ոլորտներում` հանրակրթության ոլորտում, երիտասարդության շրջանում, ՀՀ Զինված ուժերում և Քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Մայր Աթոռի անմիջական ենթակայության ներքո գտնվող վանքերում:
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ 2014 թ. հունվարին հիմնադրված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն է ցուցաբերել ազգաբնակչության առավել կարիքավոր խմբերին: Հաշվետու տարում մեծ ծավալի հոգևոր խնամատարություն է իրականացվել, այդ թվում դրամական աջակցություն է ցուցաբերվել 25.000 հոգու:
Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական Պատվիրակություններում 2014 թվականին օծվել է 18 նոր եկեղեցի, կառուցման և վերանորոգման փուլում է գտնվում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ և ծխական առաքելություն: Թեմերի հովանու ներքո գործել է 241 կիրակնօրյա դպրոց:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է նաև նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2014 թ. ֆինանսական հաշվետու զեկույցը:
Ժողովը փակվել է Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով և «Պահպանիչ» աղոթքով: