26/02/2015 16:51
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը կոչ է անում փաստաբաններին միանալ իրենց խմբին
Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայտարարություն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործով.
Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:
Վերը նշվածից ելնելով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը, խնդրում են 077-50-35-17 և 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»: