26/02/2015 20:28
Ա. Բախշյան. Դեմ չեմ, որ պարգևատրվեն, բայց համոզվենք, որ հենց աշխատակիցներն են պարգևատրվում
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարունակեց դպրոցների աշխատակիցներին լավ աշխատանքի դիմաց պարգևատրելու թեման, որի առնչությամբ նախօրեին նա հաղորդագրություն էր տարածել: Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանոթացել է Երևանի դպրոցների ֆինանսական փաստաթղթերին ու դրանց ուսումնասիրությունից պարզել, որ «Մոնթե Մելքոնյանի» անվան թիվ 11 դպրոցը 2014 թ-ին 5 միլիոն պարգևավճար է տրամարդել իր աշխատակիցներին: Բանախոսի խոսքով` այս կապակցությամբ փաստաթղթեր է սկսել հավաքել, որոնցում նշվում է, որ խորհուրդը որոշում է ընդունել` 2013-2014 թ-ին ուսուցիչներից յուրաքանչյուրին 80.000-ական դրամով պարգևատրել և այդպես պարգևատրվել է 44 հոգի.
«Մարտի 28-ի արձանագրությամբ ՝պարգևատրվել է ևս 20 հոգի, բայց երկու ցուցակներում 16 հոգու անուն կրկնվում է: Ես ուսումնասիրել եմ տարիֆիկացիոն ցուցակները, որտեղ պետք է ներառվեն դպրոցի բոլոր աշխատակիցները: Ձեռքիս տակ եղած 3 տարիֆիկացիաների ուսումնասիրությունը մի փաստ է արձանագրել` պարգևատրված 64 աշխատակիցների անունները բոլոր տարիֆիկացիաներում չէ, որ կան: Ավելին` 6 հոգու անուն պարգևատրման ցուցակում կա, բայց տարիֆիկացիայում` ոչ»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:
Այլ խնդիրներ ևս հայտնաբերվել են այդ ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես` մի անձ արձանագրված է որպես դպրոցի փոխտնօրեն, բայց ցուցակում փոխտնօրենի անունը բոլորովին այլ է:
Ա.Բախշյանն ասաց, որ իրեն այս հարցի առնչությամբ շատ են կշտամբում, թե` դե՞մ է, որ աշխատակիցները պարգևատրվում են: Բայց, շարունակեց նա, իհարկե ինքը դեմ չէ, պարզապես ուզում է թե ինքը, թե հանրությունը համոզվի, որ իսկապես աշխատակիցներն են պարգևատրվել.
«2013 թ-ին դպրոցը պարգևատրել է 6 անգամ: Տարիֆիկացիայում գրանցված է 127 հոգի, իսկ պարգևատրվել է 105 հոգի: Բացի այս, 2013 թ-ի մայիսին աշխատանքի է ընդունել երկու ջոկատավարի, բայց իրավունք ունեին միայն մեկ ջոկատավարի ընդունելու: Նրանցից մեկի անունը տարիֆիկացիայի մեջ կա, մյուսինը` ոչ, բայց երկուսն էլ պարգևատրվել են»,-թվարկեց մյուս տարօրինակ փաստերը բանախոսը:
Վերջում հիշեցրեց, որ դեռ փետրվարի 13-ին դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տեղեկացրե, որ թիվ 11 դպրոցի հետ կապված հրատապ խնդիր կա .
«Ես հանդիպում եմ նրանից խնդրել, բայց մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեմ»,- հավելեց նա: