26/02/2015 17:05
«Բեսպրեդելը» մանկապարտեզներում. Աշխատակիցներին պարտադրում են սեփական միջոցներով գնումներ կատարել
Եղվարդի մանկապարտեզի հայտնի դեպքից հետո մանկապարտեզները հայտնվել են ուշադրության կենտրոնում` գրեթե ամեն օր Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը facebook-յան էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակվում է վերահսկողությունը մանկապարտեզներում սննդի նկատմամբ և տարբեր մանկապարտեզներ շրջայցեր են կատարվում: Իհարկե լավ է ու ողջունելի` անկախ նրանից, որ այդպես միշտ պետք է լիներ ու ոչ թե խնդիրների առաջ կանգնեինք, որ այդ չափազանց զգայուն ոլորտը ուշադրության կենտրոնում հայտնվեր: Բայց պարզվեց, որ իրավիճակը հակառակ կողմն էլ ունի, որը լուրջ խնդիրներ է առաջացրել` այս անգամ մանկապարտեզների աշխատակիցների համար:
Aysor.am-ը արդեն թվով երկու մանկապարտեզից ահազանգ է ստանում այն մասին, որ հաստատությունները սենյակների կահավորման ու որոշ ապրանքներ ձեռք բերելու պարտականությունը բարդել են աշխատողների վրա` դայակների, դաստիարակների: Որոնք, հիշեցնենք, ծիծաղելի աշխատավարձ են ստանում` 40-50 հազար դրամ: Բայց դա ամենևին էլ չի խանգարում մանկապարտեզների ղեկավարությանը, իրենց վերադասի մոտ լավը երևալու մոլուցքով պատված, պարտադրել` այո-այո, պարտադրել, որ դայակներն ու դաստիարակները գնումներ կատարեն: Մինչդեռ հաստատությունը դա պետք է անի իր միջոցներով:
Խոսքը, մասնավորապես, նման ապրանքների մասին է, ինչպիսիք են դույլերը, որոնք պետք է լինեն այնպիսին, որ աշխատակցի ձեռքը աղբը թափելուց դրան հանկարծ չկպնի, այսինքն` ոտքով բացելու համար: Իսկ դրանց շուկայական արժեքը սկսվում է 4-5 հազար դրամից: Բացի այս, նրանց պարտադրվել է գնել հատուկ տակամաններ, որոնք կդրվեն լվացարանի կողքին հատուկ սեղանի շորի կամ այլ մաքրող կտորների համար, նաև գնել աման լվանալու հեղուկ ու սպունգ և նմանատիպ մանր-մունր բաներ (որոնք արդյունքում կլորիկ գումարի են վերածվում):
Ինչպես նաև` կարել նոր խալաթներ սեփական միջոցներով: Ընդ որում այդ ամենը անել անհապաղ ու միմիայն աշխատակիցների հաշվին:
Հարց. եթե դաստիարակները, դայակները, օգնականներն ու մյուս աշխատակիցները ստանում են նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, ապա ինչպե՞ս կարող են սեփական միջոցներով հոգալ նաև պետական նախադպրոցական հաստատության ծախսերը: Ինչո՞ւ: Միայն նրա համար, որ մանկապարտեզի տնօրենը հրաժարվո՞ւմ է հաստատության պահուստային կամ ոչ պահուստային ֆոնդերից նման բաների համար գումար հատկացնե՞լ: Է թող հրաժարվի, ի՞նչ կապ ունեն աշխատակիցները, ի վերջո նրանք վարձու աշխատողներ են և ոչ թե մանկապարտեզի սեփականատերերը, որ պարտավոր լինեն կատարել ղեկավարության ցանկացած քմահաճույք:
Առհասարակ վերահսկողությունը լավ բան է, բայց պետք չէ դա իրականացնել մարդկանց նյարդերի ու ֆինանսների հաշվին: Կամ ինչպես ասում են ռուսները` «перекладывая с больной головы на здоровую»: