26/02/2015 16:08
Ծառուկյանն է ավելի լուրջ քաղաքական գործի՞չ, թե Շմայսը. Պատասխանում է Գալուստ Սահակյանը
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, ովքեր անցել են մեծ ճանապարհ, ունեցել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: «Գագիկ Ծառուկյանը կարող է զբաղվել կա՛մ քաղաքականությամբ, կա՛մ բիզնեսով, բայց պետք է որոշի, թե դրանցից որն է ընտրում: Դա Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է: Դրանք պետք է տարանջատել միմյանցից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի վեջո Գագիկ Ծառուկյանն ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի, պատասխանեց ԱԺ նախագահը, նկատելով սակայն, որ Հայաստանի համար նույնքան կարևոր է բիզնեսը, որքան քաղաքականությունը:
Հարցին՝ ՀՀԿ-ում կա՞ն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ դառնալու պոտենցիալ ունեցողներ, Սահակյանն ընդգծեց, որ դա պետք է ժողովրդից հարցնել: «Դա մենք չենք որոշում, այլ ժողովուրդը: Օրինակ, ինձ 2000 թ. անվանել են քաղաքական գործիչ, սակայն ես այդ ժամանակ ինձ քաղաքական գործիչ չեմ համարել: Ես ինձ միայն 2005-2006 թ հետո համարեցի քաղաքական գործիչ»,- մանրամասնեց նա:
ԱԺ նախագահը վստահեցնում է, որ կարևոր չէ, թե ով կստանձնի ԲՀԿ առաջնորդի պաշտոնը, կարևորն այն է, որ նա պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ, ով կստանձնի այդ պաշտոնը: «Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մնալ, ես կհամագործակցեմ նաև նրա հետ: Քաղաքական դաշտը մեկն է, իսկ այդ դաշտում յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի»,- հավելեց նա:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, Սահակյանը նշեց, որ միակ տարբերությունն այն է, որ Առաքել Մովսիսյանի վրա դեռևս կան արցախյան պատերազմում տարած հաղթանակի արյան բծերը, իսկ Գագիկ Ծառուկյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իսկ ընդհանուր առմամբ երկուսին էլ պետք է դրական գնահատել»,- ասաց նա: