26/02/2015 11:45
Շիրակում ավտովթարի գործ. Քննիչը միակողմանի քննություն է տանում
2014 թ. նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը դժգոհ է նախաքննության ընթացքից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ նախաքննությունը անիմաստ կերպով երկարաձգվում է:
«Երկու անգամ արդեն կալանքի ժամկետը երկարացվել է, ես երկու օր առաջ եղա քննիչի մոտ, նա ասաց, որ փետրվարի 27-ին կալանքը երկարացնելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացնելու: Քննիչը այս ընթացքում անգամ չէր նշանակել դատավտոտեխնիական փորձաքննություն, այնինչ դա պետք է աներ դեռևս նոյեմբերին, ստիպված ես եմ դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացրել: Այս ընթացքում միայն տուժողներին է պարբերաբար հրավիրում հարցաքննության»,-ասաց նա:
Լ. Բալյանը նշեց, որ «Գազելի» վարորդի մեղավորությունը ևս կա, բայց քննիչը, չգիտես ինչու, քրգործ չի հարուցում այդ կապակցությամբ:
«Քննիչը համարում է, որ «Գազելի» վարորդը անմեղ է, և տարվում է միակողմանի քննություն: «Գազելի» վարորդը տեսել է «Կամազ» ավտոմեքենան, նա հայտնաբերել է վտանգը, սակայն չի իջեցրել անգամ ավտոմեքենայի արագությունը: Ակնհայտ է, որ վարորդի կողմից թույլ է տրվել ՃԵԿ-ի խախտում, այդ կապակցությամբ պետք է քրգործ հարուցվեր: Կարող էր կամազի փոխարեն ժայռաբեկոր լիներ, կամ հեծանիվով երեխա, կամ անասուններ անցնեին, «Գազելի» վարորդը պետք է արգելակելու հնարավորություն ունենար: Իմ պաշտպանյալը հիմա էլ ասում է, որ ավելի լավ է՝ ինքը մահանար բոլորի փոխարեն, բայց չի կարելի ամբողջ մեղքը մեկի վրա բարդել»,-ասաց Լ. Բալյանը:
Փաստաբանը ասաց, որ քննիչին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, իսկ նշանակված փորձաքննություններից առկա է միայն դատաբժշկական փորձաքննության պատասխանը, իսկ դատահոգեբուժական փորձաքննության պատասխանը դեռևս չի ստացվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։
Վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ. Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:
Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև ուղևորներ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Դավիթ Հարությունյանի մահը:
Ուղևորներ Կարեն Բաղդասարյանը, Հովհաննես Չախոյանը, Սամվել Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ալբերտ Շախնազարյանը, Հասմիկ Հովհաննիսյանը և Էդմոն Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։