26/02/2015 15:47
Լևոն Զուրաբյանը հեռուստաալիք է պահանջում
«Բոլոր կուսակցություններն, ըստ էության, ունեն իրենց հեռուստաալիքները: Չհասկացանք, միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պետք է դուրս մնա՞ն, թե միայն հանրահավաքներով պետք է մեր ասելիքը տեղ հասցնենք: Դա էլ չենք կարողանում իրազեկել, պլյուրալիզմ չկա»,- ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի զեկույցի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորի այս հայտարարությունը, կարծես թե, դուր չեկավ նախագծի հիմնական զեկուցող, ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին, ով վստահեցրեց, որ ոչ մի կուսակցություն էլ հեռուստաալիք չունի:
«Ես հասկանում եմ, որ պաշտոնապես չունեն, սակայն ինչ-որ ձևով ասոցացված են մի շարք հեռուստաընկերություններ կոնկրետ կուսակցությունների հետ: Բոլոր կուսակցությունները ազատորեն հնարավորություն ունեն ասելու այն, ինչ ուզում են, իսկ մենք՝ ոչ»,- հակադարձեց Լ. Զուրաբյանը:
Բունիաթյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենց իրավասությունների սահմաններում իրենք անում են ամեն ինչ:
«Պարոն Բունիաթյան, ոնց հասկանում եմ,այդ հանրահավաքի կազմակերպչական հարցերով պետք է օգնենք նրանց, այդ թվում նաև ես: Տպավորությունս այն է, որ հեռուստաընկերությունները իրենց ռեյտինգը բարձրացնելու համար քավության նոխազ են դարձրել քաղաքական մեծամասնությանը»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: