26/02/2015 14:14
Ակտիվիստներին անհանգստացրել է կարտոֆիլի և աղջիկների փոխհամատեղումները
«Կարտոֆիլն էլ աղջկա պես է՝ առաջին ուզողին տվեք», «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից», «Ձեր աղջիկը լսել է ձեր ասածը», «Նախարար, քո էրեխեքին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերո՞ւմ»: Այսօր նման ցուցապաստառներով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ աղջիկների պատիվը պաշտպանող ակտիվիստները: Նրանք հայ աղջիկների պատիվը կարտոֆիլի հետ համեմատելուց պաշտպանում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարից, նրա` «աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս» արտահայտության համար:
Նշենք, որ օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում հանդիպել էր ֆերմերների հետ. Վերջիններս դժգոհել էին կարտոֆիլի իրացումից, որին գյուղնախարարը պատասխանել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո երբ պետք ա ձեզ, ասում եք` արի, էն էլ ասում ա, արդեն էլ չեմ վերցնում, պահել-փչացրել ես, երբ գնորդը գալիս ա պետք ա ապրանքդ տաս: Էն որ տենց խոսք կա` աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս»:
Ակտիվստները կարտոֆիլներ, նաև փչացած կարտոֆիլներ էին բերել կառավարության շենքի առջև, պահանջում էին, որ Սերգո Կարապետյանը ներողություն խնդրի՝ հայ աղջիկներին կարտոֆիլների հետ համեմատելու համար:
Նախարարը դեռևս համեմատության համար հայ աղջիկներից ներողություն չի խնդրել: