26/02/2015 14:54
Վրաստանի նախագահը երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամը արտառոց չի համարում
Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին երկրի էկոնոմիկայի նախարար Գ. Կվիրիկաշվիլիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է կառավարությանը ժամանակ տալ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու և ֆինանսական խորը ճգնաժամին հանգելու գործընթացը կասեցնելու համար:
Ըստ Վրաստանի նախագահի՝ խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն դեռևս չկա, քանզի մինչև մարտի 5-ը կառավարությունն իրականացնելու է տարբեր միջոցառումներ՝ իրավիճակը կարգավորելու և ազգային արժույթի անկումը արգելակելու նպատակով:
Մարգվելաշվիլին, ով սեփական նախաձեռնությամբ էր հանդիպել երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուների հետ, նշել է, որ խնդիրը հաղթահարելու շուրջ համախբվել են լավագույն մասնագետները և կոչ արել զինվել համբերությամբ՝ հույս հայտնելով, որ վերջիններիս կհաջողվի դրական արդյունքի հասնել:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին հարևան Վրաստանում, ինչպես նաև՝ Ադրբեջանում կտրուկ արժեզրկվել էր ազգային արժույթը՝ 30-35 %-ով: