26/02/2015 12:20
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթը
Քիչ առաջ մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի 2-րդ՝ հարցազրույցի փուլը:
Մինչև մրցույթը Սահմանադրական դատարանի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, որ երեկ ժամը 20։00-ին ստացվել է հավակնորդներից Վահե Գրիգորյանի՝ որոշ հարցադրումներ պարունակող դիմումը։
Գագիկ Հարությունյանը հրապարակել է դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, որով հանձանաժողովը որոշել էր ոչ նպատակահարմար համարել անդրադառնալ այն հարցերին, որոնք վերաբերում են 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առաջին մրցույթի անցկացմանը։
Մրցույթի հանձնաժողովի կազմում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյան, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այս պահին գտնվում է Ստրասբուրգում՝որպես ՄՒԵԴ հայաստանյան դատավորին փոխարինող և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, քանի որ վերջինս ղեկավարում է «Դատավորների միություն» ՀԿ-ն: