26/02/2015 14:06
Ա. Հարությունյան. Անկախ նրանից՝ կընտրվեմ, թե ոչ, ՀՀ չեմ վերադառնա
Ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հարցազրույցը:
Հարցին՝ ինչու՞ է ուզում դառնալ ՄԻԵԴ-ում դատավոր, Ա. Հարությունյանը ասաց, որ ինքը իրավաբան է, իսկ ցանկացած իրավաբանի համար դա բարձր պաշտոն է:
Մրցակիցների վերաբերյալ նա ասաց, որ ոչ բոլորին է ճանաչում, իսկ ում էլ ճանաչում է, բոլորն էլ տաղանդավոր են:
Հարցին՝ որքանո՞վ կարող է մրցութային հանձնաժողովն օբյեկտիվ լինել, եթե հանձնաժողովի որոշ անդամների ենթակաները հավակնորդների ցանկում են, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ հավատում է հանձնաժողովի օբյեկտիվ լինելուն։
Լրագրողների դիտարկմանը, թե ինքն է համարվում իշխանությունների հիմնական թեկնածուն, Ա. Հարությունյանը ասաց, որ ինքը արդեն 5 տարի է՝ որևէ կապ չունի ՀՀ իշխանությունների հետ, և անկախ նրանից՝ ինքը կընտրվի, թե ոչ, ՀՀ վերադառնալու մտադրություն չունի և իր ընտանիքը արդեն տեղափոխվում է այս երկրից:
Ա. Հարությունյանը ասաց, որ Հայաստանի անկախությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդական դեպքը 2008 թվականի մարտի 1-ն է, որն էլ նաև Հայաստանում վերջին 24 տարում տեղի ունեցած ամենաանարդար ու ամենահակաժողովրդական դեպքն է համարում:
Պատասխանելով հարցին, թե մարտի 1-ից հետո իրավապահ գործունեության արդյունքում տրվե՞ց ամբողջական գնահատական այդ իրադարձությանը, Ա. Հարությունյանն ասաց, որ եթե տված լինեին, ինքը այսօր այդ մասին չէր խոսի:
Որպես անարդարության օրինակ, նա նշեց Հյուսիսային պողոտայի բնակիչների բողոքը, որը անվանեց «ճչացող անարդարություն, մինչև օրս հանգուցալուծում չի ստացել»: