26/02/2015 10:31
Շ. Քոչարյան. Թուրքիան ավելի սրեց ուշադրությունը հարյուրամյա տարելիցի հիշատակի օրվա նկատմամբ
Հերքողը եղավ Թուրքիայի արտգործնախարարությունը: Այսինքն` դա արդեն պաշտոնական էր: Մյուս կողմից այդ հրապարակումը և հերքումը ցույց են տալիս, որ ի տարբերություն այն մոտեցման, որն ունի հայությունը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նկատմամբ, Թուրքիայում Գոլիպոլիի օրը ոչ թե ներքին էություն է, ոչ թե պահանջ է, այլ ավելի շատ քաղաքական, քարոզչական մի մեկնարկ է: Այսինքն՝ իրենց համար կարևոր է ոչ թե այդ օրը նշելը, այլ կարևոր է, թե քանի երկրի ղեկավար կլինի այդ միջոցառումներին: Ի տարբերություն դրան՝ ցանկացած հայ՝ անկախ նրանից, թե որտեղ է նա այդ պահին գտնվում, կա որևէ մեկը իր կողքին, ով կարող է կիսել իր ցավը, այդ օրը նշում է, առավել ևս՝ հայկական պետությունը: «Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակում նախօրեին այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Շարունակելով խոսքը՝ ԱԳ փոխնախարարն ասել է, որ մրցակցության մեջ մտել է Թուրքիան. «Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեին Թուրքիայի քայլերը, կտեղափոխեր նա Գալիպոլի օրը անպարկեշտ ձևով հենց ամսի 24-ին, թե ոչ, միևնույն է, մենք նշելու էինք զոհերի հիշատակի օրը, միևնույն է, մենք հրավիրելու էինք արտասահմանյան պատվիրակություններ: Դա բնական է: Ինչ վերաբերում է Թուրքիային, նա փորձեց առաջացնել մրցակցություն այդ երկու իրադարձությունների միջև: Եվ իր համար դա շատ անհաջող քայլ էր: Անհաջող էր մի շարք պատճառներով»:
Պատճառաբանելով, թե ինչու էր դա անհաջող քայլ՝ Շ. Քոչարյանն ասել է, որ դրանով նրանք է՛լ ավելի սրեցին ուշադրությունը ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի հիշատակի օրվա նկատմամբ՝ անկախ նրանից՝ այս կամ այն պետությունը կուղարկի պատվիրակություն Գալիպոլիի միջոցառմանը, թե չի ուղարկի:
«Դա էլ ավելի ընդգծեց այն պատասխանատվությունը, որն ունեն ներկայիս Թուրքիայի իշխանությունները՝ առերեսվելու սեփական պատմության հետ»,- ասել է նա:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: