26/02/2015 10:53
ԱԳ փոխնախարարը՝ Ցեղասպանության հռչակագրի և արձանագրությունների հետկանչի մասին
Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումն իրավական քայլ է: Իրականում, ոչ թե ստորագրությունը կարելի է հետ կանչել, մեր օրենքը դա չի ասում, այլ ասում է՝ կարելի է կնքման գործընթացը չեղյալ հայտարարել: Ժամանակին, ի պատասխան Թուրքիայի կողմից վավերացման գործընթացը կասեցնելուն, ՀՀ նախագահը սառեցրեց վավերացման գործընթացը: Մեզ համար անտրամաբանական է պահելը այդ արձանագրությունները Ազգային ժողովում, երբ որևէ գործողություն չի կատարվում: Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակում նախօրեին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մյուս կողմից, ի տարբերություն Թուրքիայի, որի համար դա սովորական է, ես դա ցիտել եմ, նորից կցիտեմ՝ իրենց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մերջանը բացեիբաց հայտարարեց, թե՝ ինչ տարբերություն՝ ում դարակում են գտնվում այդ արձանագրությունները՝ ի՞մ, թե՞ կառավարության. միևնույն է, որևէ քայլ չի արվում: Իրենց համար դա սովորական է, մեզ համար՝ ոչ:
Հաջորդ հարցը՝ ինչու դա հիմա արվեց: Որովհետև հասունացել էր պահը` ազդանշան ուղարկելու թե՛ Թուրքիայի իշխանություններին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ բոլոր այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Դա ազդանշան էր, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժել այն աղավաղումները, այն ժխտողականությունը, որը, իհարկե, նոր կերպարանքով, նոր փաթեթավորմամբ, փորձում են առաջ մղել Թուրքիայի իշխանությունները: Եվ դրա վերջին արտահայտությունը հենց Գալիպոլիի ճակատամարտի նշելու օրն ապրիլի 24 տեղափոխելն էր:
Մյուս կողմից, այն հանգամանքը, որ արձանագրությունները միայն հետ են կանչվում Ազգային ժողովից, խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես ի սկզբանե, այնպես էլ այժմ անկեղծորեն տրամադրված են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների»,- ասել է նա:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին և դրա շուրջ ծավալված աղմուկին՝ ԱԳ փոխանախարարն ասել է, որ այդ հռչակագրի ընդունումն իրոք բացառիկ է: Այդ հռչակագրի տեքստի վրա աշխատել են պետական մարմինների` լինի դա Հայաստանի Հանրապետության, լինի դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, բոլոր կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների, ներառյալ` Սփյուռքի ներկայացուցիչներ:
«Այսինքն՝ այդպիսի ներկայացուցչական մարմին դժվար էր պատկերացնել: Հռչակագիրը կոչվում է «Համահայկական հռչակագիր»՝ ելնելով հենց այդ հանգամանքից: Դա սոսկ իրավական փաստաթուղթ չէ, որը պահանջում է, որպեսզի լինի որոշակի կանոնակարգված ընթացակարգերով ընդունում»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե այն իրավական փաստաթուղթ չէ, Շավարշ Քոչարյանն արձագանքել է. «Դա, իհարկե, սոսկ իրավական փաստաթուղթ չէ, որը պարտադիր իրավական ուժ ունի, քայլեր է ենթադրում, ավելին՝ եթե դու դրան չես ենթարկվում, ապա դրան ինչ է հետևում… Նախ դա ավելի շուտ քաղաքական փաստաթուղթ է: Կարող եք ասել նաև բարոյական փաստաթուղթ, և ոչ մաքուր իրավական, բայց իր նշանակությամբ չափազանց կարևոր փաստաթուղթ է»: