26/02/2015 13:35
Քաղտեխնոլոգ. Սերժ Սարգսյանը բավական համբերատար է, կոշտ չէ, ինչպես Քոչարյանը
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իշխանության եկան գիտական աշխարհի մարդիկ, Ռոբերտ Քոչարյանին փորձում էին նմանեցնել Պուտինին, իսկ Սերժ Սարգսյանը շատ համբերատար է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ երեք նախագահներին, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Քաղաքական գործիչներն իրարից տարբերվում են թեկուզ քաղաքական էպոխայի տարբերություններով: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իշխանության եկան գիտական աշխարհի մարդիկ և դժվար էր պատկերացնել, որ իննսունականներին կարող են քաղաքական ասպարեզում հայտնվել այնպիսի մարդիկ, ինչպիսիք հիմա են»,- ասաց նա՝ շարունակելով, որ ժամանակին համընթաց փոխվեցին թե՛ կարգերը, թե՛ պահանջները և թե՛ կրթական ցենզը, որը ժամանակին համընթաց նաև նվազեց:
«Իմ պատկերացմամբ նույնիսկ նույն պատգամավորական խմբերի մեջ քաղաքակրթության տարբերություններ կան»,-հավելեց նա:
Ըստ Վ. Հակոբյանի՝ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում քաղաքական իմիջով փորձում են զբաղվել զուտ նախընտրական շրջանում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի իմիջով զբաղվողներն ուղղակի փորձում էին կրկնօրինակել Ռուսաստանի նախագահին՝ կոշտ, կտրուկ տղամարդու իմիջ:
«Նույնիսկ, երբ կայքերն ես նայում, նույն նկարներն են՝ սպորտով զբաղվող տղամարդիկ, տուրնիկներ և այլն: Ղարաբաղից գալով այստեղ, լուրջ հենարան չունենալով՝ Ռ. Քոչարյանը փորձում էր ուժեղ տղամարդու կերպարով առաջ գնալ, ուժով զբաղեցնել իր տեղը: Բոլորն էլ հիշում են, թե ինչպես մի անգամ նա համալսարանում արտահայտվեց գիրք կարդալու համար, թե գիրք կարդալը մոդա չէ: Իսկ հիմա տարին երկու անգամ իր կայքում նշում են, թե նա ինչ գրքեր է կարդում»,- նկատեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այսօր փոխվում են նաև համաշխարհային տենդենցները:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ նա համոզմունք հայտնեց, որ նրա պարագայում որևէ մեկին չեն փորձում նմանակել կամ կրկնօրինակել:
«Սերժ Սարգսյանի իմիջի վրա սկսեցին աշխատել, երբ նա դեռ նախագահի թեկնածու չէր: Կարծում եմ, որ սկզբնական շրջանում ուսումնասիրել են, թե ինչը դուր չի գալիս հանրության լայն շերտերին և աշխատել են հենց այդ ուղղությամբ: Սերժ Սարգսյանը բավական համբերատար է, կոշտ չէ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը»,– ասաց նա։