26/02/2015 20:09
Ուկրաինային առանց կանխավճար գազ չի մատակարարվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մի քանի օրից հնարավոր է՝ անջատվի Ուկրաինայի գազը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ուկրաինային, որ եթե Կիևը չվճարի գազի դիմաց, ապա վտանգված է գազամատակարարումը դեպի Եվրոպա։ «Ուկրաինայի արևելքում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին գազամատակարարման դադարեցումը նման է ցեղասպանության»,- ասել է Պուտինը։
Ռուսական Корреспондент-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ գազի համար Ուկրաինայի կողմից արված կանխավճարը կբավականացնի ևս 3-4 օր, որից հետո առանց կանխավճարի Ուկրաինա գազ չի մատակարարվի: ՌԴ նախագահը շեշտել է, որ դա կարող է խնդիրներ ստեղծել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տրանզիտի առումով:
Պուտինը վկայակոչել է «Գազպրոմի» պայմանագիրը, որը չի նախատեսում գազ տրամադրել Ուկրաինային՝ առանց նախապես արվող վճարումների: Իսկ օրեր առաջ «Գազպրոմի» ղեկավարությունը նույն հարցով նամակ էր հղել Ուկրաինայի «Նեֆտեգազին»: Վերջինս չի բացառել, որ մատակարարման խափանումների դեպքում ուկրաինական կողմը կդիմի դատարան: