26/02/2015 18:14
27 տարին լրացած և բանակում չծառայած անձինք կարող են վերադառնալ. քրեական հետապնդում չի լինելու
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
Օրենքում փոփոխությունները վերաբերում են այն անձանց, որոնց 27 տարին լրացել է, նրանք արտրերկրում են, չեն ծառայել բանակում և քրեական հետապնդումից խուսափելու համար` հայրենիք չեն վերադառնում:
Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն հինգերորդ անգամ կատարվել է փոփոխություն:
Ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: