26/02/2015 15:39
ՄԻՊ. Ոստիկանները խուզարկության ընթացքում առգրավել են և չեն վերադարձրել թոշակառուի գումարը
ՀՀ ՄԻՊ Facebook-յան էջում հաղորդագրությունն է տեղադրվել, որում, մասնավորապես, ասված է.
«Թոշակառու կինը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ տեղեկացնելով, որ Քննչական կոմիտեն գողություն կատարելու մեղադրանք է առաջադրել որդուն, ով այժմ կալանքի տակ է: Դիմումատուն հայտնել է, որ քրգործի շրջանակներում իրենց բնակարանը խուզարկելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են իր 30.000 դրամ թոշակը, արտերկրից աղջկա ուղարկված 100 եվրոն և քրոջը պատկանող 300 դոլարը:
Խնամող չունեցող, վատառողջ կինն Օմբուդսմենին դժգոհել է, որ նախաքննական մարմինը մինչ օրս չի վերադարձնում այդ գումարները, ինչի հետևանքով ինքը զրկվել է առօրյա ծախսերը հոգալու և անհրաժեշտ դեղորայք գնելու հնարավորությունից:
Օմբուդսմենը գրագրություն է սկսել Քննչական կոմիտեի նախագահի հետ՝ միջնորդելով դիմումատուին վերադարձնել վերոնշյալ գումարները: Արդյունքում Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան, և մեղադրյալի մայրը հրավիրվել է քննչական բաժին՝ ստանալու բնակարանից խուզարկությամբ առգրավված գումարները:
Ավելի ուշ թոշակառու կինն Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել արված աշխատանքի համար»: