27/02/2015 20:35
Միայն 1000 դոլար է պակասում, որ երեխան մեկնի Գերմանիա վիրահատվելու…
Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 13-ամյա բնակիչ Կարինե Ամուլյանի մասին շատ է գրվել , մի քանի տարի առաջ մամուլը հեղեղված էր երեխայի հոր հուսահատ քայլերի մասին հրապարակումներով: Նա նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի դուստրն է, ով երեք տարի առաջ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ էր անցկացնում, ինչպես նաև ինքնահրկիզման փորձ կատարեց` պահանջելով վճարել իր արտաժամյա ծառայության վճարները, որոնք կազմում էին շուրջ 3 մլն դրամ, ինչպես նաև ուշադրություն դարձնել ընտանիքի խնդիրներին:
Այդ խնդիրներից մեկը հենց Կարինեի աչքերի շտապ վիրահատությունն էր, ինչն էլ դրդեց հինգ երեխաների հորը գնալ այդ քայլին:
Հաշմանդամություն ունեցող Կարինեի մոտ փոքր տարիքում հայտնաբերվել է սկզբնական շրջանի ոսկրային տուբերկուլոզ, որի օջախը բուժման արդյունքում մարել էր, սակայն ընդունած դեղերը ազդել էին նրա տեսողության վրա` ձախ աչքը բոլորովին կուրացել է, իսկ աջով տեսնում է կիսով չափ: Կարինեն վիրահատվել էր Երևանում, սակայն այսօր էլ խնդիր ունի տեսողության հետ, քանի որ կա բորբոքային օջախ: Բացի այս, երկու տարի առաջ Կարինեի մոտ արտահայտվել է հոդերի խախտում, այտուցում այն աստիճանի, որ երեխան չէր կարողանում անգամ հենակներով քայլել: Մի խոսքով` երեխայի առողջական վիճակը բավականին վատ վիճակում է.
«Իմանալով մեր մասին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 2013թ-ին մեզ հրավիրեց նախարարություն, խնդիրներին ծանոթանալուց հետո ուղորդեց, որպեսզի Գենետիկայի կենտրոնում հետազոտություն արվի: Հետազոտությունից հետո երեխայի մոտ հայտնաբերվեց «երևանյան հիվանդություն»: Այսօր Կարինես տառապում է երեք հիվանդությամբ` ծունկը պետք է վիրահատեն` «չաշկան» փոխեն, ձախ ձեռքի արմունկը պետք է վիրահատվի ու բացի այդ «երևանյան հիվանդությունը» իր հերթին է երեխայիս տանջում, ամիսը մի անգամ որովայնի շրջանում ուժեղ ցավեր է ունենում»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը` Շուշան Նասիբովան:
Անցած տարի մայրը երեխայի հետ միասին մասնակցել է հայկական հեռուստաեթերի հայտնի թոք-շոուներից մեկին, որի ժամանակ պատմել է դստեր առողջական խնդիրների մասին: Քանի որ Կարինեին անհրաժեշտ վիրահատությունները Հայաստանում հնարավոր չէ կատարել, իսկ դրսում դրանք արժեն 15-20 հազար դոլար, միակ նպատակը հովանավոր գտնելն էր, որ Կարինեին հնարավոր լինի տանել վիրահատության: Հաղորդումից հետո որոշ ժամանակ արձագանք չի լինում, բայց հետո մի երիտասարդ կին է Ֆրանսիայից կապ հաստատում ընտանիքի հետ ու խոստանում, որ Կարինեի համար անհրաժեշտ դեղորայքի հարցը ինքը կլուծի` այդպիսով թեթևացնելով մի հոգսը: Ու իսկապես օգնում դեղորայքով. սոցիալապես անապահով ընտանիքի համար ամիսը 40-50 հազար դրամի դեղ գնելը իսկապես մեծ հոգս է, բայց և առանց դրա հնարավոր չէ երեխայի առողջության վերականգնման մասին երազել:
«Դրանից մի երկու շաբաթ անց էլ մեզ զանգահարեցին Գերմանիայից, դարձյալ բժշկուհի էր, ով տեսել էր թոք-շոուն ու ասաց, որ պատրաստ է երեխայի հովանավորությունը վերցնել իր վրա: Ասաց, որ ես ու միայն անչափահաս երեխաներս, որոնք խնամքի կարիք ունեն, հասնենք Գերմանիա, որտեղ որևէ խնդիր չեմ ունենա, քանի որ նա կխնամի երեխաներին, իսկ ես Կարինեի հետ կմնամ հիվանդանոցում` անկախ ժամանակահատվածից, որ անհրաժեշտ կլինի աղջկաս բուժման համար»,- պատմեց տիկին Շուշանը: Հեռախոսազանգից հետո, բավականին հուսադրված, ծնողները դիմում են Պաշտպանության նախարարությանը, որտեղից երաշխավորում են, որ ավիատոմսերի ծախսը նախարարությունը կվերցնի իր վրա: Ու թեև թվում է, թե ճանապարհի ամենադժվար մասն անցել են ու մնում է միայն մեկնելը, բայց բազմազավակ ընտանիքը կանգնել է խնդրի առաջ.
«Հիմա պետք է մնացած ծախսերը անենք, որ կապված են թղթաբանության հետ` փաստաթղթեր և այլն, խոսքը մոտ 1000 դոլարի մասին է, բայց դա չունենք…. Ուզում եմ խնդրել, որ ձեր օգնությամբ այդ գումարը հավաքվի, որ կարողանանք մեկնել, երեխաս շատ է տանջվում»,- մեզ հետ զրույցում ասաց մայրը` հույս ունենալով, որ հնարավոր կլինի այդ գումարը հավաքել ու նրանք վերջապես կմեկնեն Գերմանիա, որտեղ Կարինեին արդեն սպասում են ու որտեղից դուստրը կվերադառնա առողջ:
Ընտանիքին օգնելու համար կարող եք կապվել մոր ` Շուշան Նասիբովայի հետ հետևյալ հեռախոսահամորվ` 077-61-38-91: