27/02/2015 12:34
Ռ. Հակոբյան. ԲՀԿ համագումարը հստակություն կմտցնի և իշխանության, և ընդդիմության դաշտում
Կարծում եմ՝ ԲՀԿ համագումարը ամեն ինչ կհստակեցնի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությանը, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ առաջիկայում կայանալիք ԲՀԿ համագումարից է կախված նաև իրենց համագործակցությունն այդ ուժի հետ:
«ԲՀԿ-ն քաղաքական դիրքերից սառել է, բայց, կարծում եմ, առաջիկայում այդ դաշտում հստակություն կլին թե´ ընդդիմության, թե իշխանության համար: Այդ համագումարը, կարծում եմ, ոչ միայն ԲՀԿ-ում հստակություն կմտցնի, այլև՝ ընդդիմադիր դաշտում որոշակի տեղաշարժեր կլինեն»,- ասաց նա:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ միայն միացյալ հարթակը կարող է հակակշիռ լինել այս իշխանություննեին: Ռ. Հակոբյանը դեռ լավատես է ու չի գտնում, թե սա մեր վերջին Հայաստանն է:
«Այսօր իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր մտահոգ են: Ուղղակի քաղաքական կոնյուկտուրան թույլ չի տալիս, որպեսզի այդ մտահոգությունները նրանք բարձրաձայնեն, սակայն նրաք էլ պետք է մտածեն, որ այսպես այլևս չի կարելի շարունակել»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով, որ նախ պետք է քաղաքական միասնական միտք ձևավորվի, որից հետո համարժեք քայլեր ձեռնարկվի:
«Չեմ հասկանում, թե ինչպես են այդ մարդիկ քծնանքով ու շողոքորթությամբ ուզում երկիր ձևավորել: Ես հուով եմ, որ վերջապես տղամարդկային ուժը կձևավորվի ու այս ամենից պատվով դուրս կգանք»,- հավելեց նա:
Հարցին, եթե ԲՀԿ-ն համագումարի ժամանակ մեղմացնի իր դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ, կշարունակե՞ք այդ ուժի հետ համագործակցել, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Եթե… Մենք եթե-ների մեջ չենք տեղավորում: Անհեթեթություն է տգիտությունը: Բոլոր դեպքերում ուզում եմ հավատալ, որ քաղաքականության մեջ, վերջապես, և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը դրական դասեր կքաղեն: Ես չգիտեմ, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն, բայց եթե կոնկրետ ունենանք հստակ ստորագրություն, դրանից հետո կորոշենք: Մինչ օրս եթե-ներին ավելի մեծ տեղ ենք տվել, քան իրականոմ կա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսուհետ «Ժառանգությունն» իր խոսքը կառուցելու է ռեալ փաստերի վրա:
«Մենք մեր ամբողջական գնահատականը կտանք հետո: Շատ-շատ բաներ են կատարվել, իսկ ամբողջական գնահատական կտանք, եթե ունենանք ամբողջական պատասխան, որը, կարծում եմ, առաջիկայում կունենանք»,- եզրափակեց նա: