27/02/2015 13:05
Ցույց են տալիս, թե զբաղվում են մարտի մեկի գործով, բայց իրականում երկարաձգում են գործը․ Ս․ Քլոյան
«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորն իմիտացիոն բնույթ ունի: Ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին, որ իբր աշխատում են, զբաղվում են մարտի մեկի գործով, բայց իրականում երկարաձգում են գործը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:
Ըստ Քլոյանի՝ երբեք մարտի մեկի էջը չի բացահայտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն միայն այն դեպքում, երբ կլինի իշխանափոխություն:
Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայր Վաչագան Ֆարմանյանն էլ նշեց, որ իրենց տպավորությամբ, եթե յոթ տարվա մեջ չի բացահայտվել, ոչինչ չի փոխվելու ու հույս չեն կապում, որ որևէ բան կփոխվի:
«Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանն էլ նշեց, որ մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, այն բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ, հրաման տվողներն էլ պարզ են, ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի: